Հայկական ռադիոն Նյու Ջերսիում


17:44 , 2 դեկտեմբեր, 2012

ԱՄՆ Արևելյան ափում կա մի ռադիոկայան, որի եթերում յուրաքանչյուր կիրակի երկու ժամ կարելի է լսել հայերեն հաղորդումներ հայերի համար և հայերի մասին: Նյու Ջերսի նահանգի Սեթոն Հոլլ համալսարանի տարածքում գործում է 89,5 FM հաճախականությամբ և 112 կմ շառավիղ տարածումով հեռարձակող ռադիո: 1979 թվականից բացարձակապես կամավորական հիմունքնորով աշխատող Հայկական ռադիոժամի հիմքում կանգնած է առաջին հայացքից լրագության մասնագիտությունից հեռու մի անձնավորություն՝ Վարդան Աբդոն: 1970-ականների սկզբին նա ԱՄՆ-ը էր եկել Իսրայելից Սեթոն Հոլլում մաթեմատիկա սովորելու նպատակով, իսկ հետագայում սկսեց դասավանդել և հաստատվեց Նյու Ջերսիում:

100_1736- Ինչպե՞ս ստացվեց, որ մաթեմատիկայով զբաղվող մարդը որոշեց հիմնել ռադիո:

Համալսարանի հետ կապ ունենալու պատճառով հնարավորություն ստեղծվեց ռադիոեթերի ժամ ստանալ, և դա դարձավ իմ նվերը ԱՄՆ հայկական գաղութին: Առաջին տարիները դժվար էին, փորձառություն չկար, ուղղություն տվող չունեինք, բայց համայնքում ռադիո չկար: Հայաստանին վերաբերվող լուրերի քանակը անհամեմատելի էր այսօրվա հետ, երբ կա համացանց ու ֆեյսբուք: Կարող եք երևակայել, թե ինչ դժվարությամբ հայկական լուր էինք ստանում և հայտնում: Տեղացի երաժիշտներ կային, որոնք մեզ հայ պահած են, այդ մարդիկ իրենց երգերը բերել էին Տիգրանակերտից, Պոլսից, Մերձավոր Արևելքից: Եվ քանի որ ժողովուրդը հիմնականում այդ տարացքից էր, իրենց սրտերի համար հարազատ էին այդ հնչյունները, ուդի ձայնը: Այդ երաժշտությունն էինք միացնում: Իսկ այսօր մենք ունենք մեր տպագիր շաբաթական թերթիկը, նաև համացանցով հնարավոր է լսել մեր հաղորդումները:

Մի՞թե օգնող չկար:
Արտասահմանում համայնքի գործերը կառավարվում են այնպիպի մեծ հաստատությունները ինչպես եկեղեցին, բարեգործական միությունները, և «փոքր ձկները» հնարավորություն ու միջոց չունեն արտահայտվելու: Այստեղ մարդիկ քեզ կնայեն, կզննեն ու կարժանացնեն ուշադրության, միայն երբ կտեսնեն, որ սկսած գործն արդեն արմատներ տվել է, առաջնթաց կա: Այդ ժամանակ նոր կվայելես ուշադրություն ու քո գործին կարևորություն կտան: Այդ պատճառով տարբեր բնագավառներում աշխատող կամավորներս մեծ դժվարությամբ էինք ստեղծում հաղորդումները: Սակայն տարիների ընթացքում մի շարք զորավոր հայեր մեզ թև ու թիկունք են եղել:

- Ովքե՞ր դարձան ռադիոյի կորիզը:
- Մեր շուրջ հավաքվեց երիտասարդների մի խումբ, որոնք ցանկանում էին պահել իրենց հայությունը, արտահայտվել, բանաստեղծություններ կարդալ: Մեր ողնաշարը միշտ կազմել են հայ երիտասարդները, լավ ընտանիքներից, որտեղ հայապահպանությանը մեծ նշանակություն է տրվում: Սակայն հիմա մենք նրանց կորցնում ենք այն պահից, երբ ավարտելով դպրոցը հեռանում են երկրով մեկ, սովորելու տարբեր համալսարաններում: Իսկ ընկնելով այդ խառնարանի մեջ նրանք հիմնականում կորում են հայ համայնքի համար:

100_1732
- Բայց չէ, որ Նյու Ջերսիում Հայ ուսանողների ասոցիացիա կա:
- Թմբուկի ձայնը հեռվից անուշ կըհնչի: Օրինակ, Սեթոն Հիլլում մենք չունենք նմանատիպ միություն, հետո երիտասարդության մեջ չկա լեզվի անհրաժեշտ իմացություն, աշխատանքային փորձ:

- Բայց գործում են հայկական դպրոցներ, աշակերտներից ցանկացողներ չկա՞ն ձեզ օգնելու:
- Բացի շաբաթօրյա դպրոցներից, Նյու Ջերսի նահանգում նաև գործում է Հովնանյանների վարժարանը, որը բավականին լավ երիտասարդներ է պատրաստում: Սակայն ամեն տարի դպրոցի շրջանավարտների քանակը մոտ ութն է և շատերը զբաղված են իրենց անձնական գործերով: Մեծ հեռավորությունները շատերին թույլ չեն տալիս առավել ակտիվ զբաղվել համայնքային հասարակական գործունեությամբ: Օրինակ, Կատյան ու Լորին, մեր երիտասարդ կամավորներն են, քանի որ մոտ են ապրում, մեքենայով մոտ 45 րոպե վարելու հեռավորության վրա: Նրանք օգնում են մեզ և դա էլ ծնողների շնորհիվ, ովքեր հասկանում են իրենց զավակի հայ մնալու կարևորությունը:

- Ո՞վ է ձեր ռադիոյի ունկնդիրը:
- Մեր հաղորդումները երկու լեզվով են, քանի որ մեր ունկնդրողների 60-70 տոկոսը հայախոս է և մնացածը անգլախոս: Եվ այդ պատճառով ստիպված ենք ամենահետաքրքիր հարցազրույցներն անգլերեն հեռարձակել: Սա այսօրվա մեր ցավն է:

- Կարելի՞ է ասել, որ համայնքը կորցնում է հայերենը:
- Ակնառու է, որ Հայ համայնքն անցնում է այն նույն ճանապարհը, ինչ անցել են այլ ազգային փոքրամասնությունները, ասենք իռլանդացիներն կամ իտալացիները, որոնք ինտեգրվելով ամերիկյան իրականության մեջ ձուլվել են: Եկեղեցին ջանում է պահպանել գաղութը, սակայն այն ամենազորեղը չէ, ամենը պետք է կատարվի ընտանիքի մեջ, սա է ամենակարևորը: Հայ պետք է լինել գիտակցված և ոչ միայն հայկական անուն կրելով: Սակայն այս օվկիանոսի մեջ լուծվելը անխուսափելի է դառնում:

- Նկատել եմ, որ ԱՄՆ հայ համայնքը բաժանված է: “Հայաստանցի” ու “Ամերիկացի” հայերի միջև բավականին մեծ անջրպետ կա: Իրականություն է դա, թե՞ սուբյեկտիվ կարծիք:
- Մարդ արարածը ուր էլ որ գնա, ունի իր մտածելակերպը, հոգեկան վիճակը: Եվ բաժանվում է առանձին խմբերի՝ հիմնականում մի կողմից տեղացի հաստատված և կազմակերպված հասարակության ու մյուսի կողմից նոր դրսից եկածների: Այստեղ գաղութը հիմնադրվել է ջարդից հետո ԱՄՆ եկած հայերով, հետո եղել են մի քանի նոր ալիքները՝ Միջին Արևելքից, Խորհրդային Միությունից, այլ երկրներից: Ու ամեն մեկ նոր խումբ դժվար է ընդունվել իրենից առաջ եկած խմբի կողմից: Օրինակ, ամերիկահայը միչև այսօր դժվար է ընդունում Լիբանանից եկած հայերին, որոնք էլ դժվար են ընդունում Հայաստանից եկածներին:

- Ինչու՞:
- Հասարակական ու տնտեսական խավեր կան, զորու չես հարուստին ու բանվորին դնել մեկ դասի մեջ, և միայն հայ լինելով խնդիրը չես լուծի: Երբ նախորդ ալիքով եկածը անցնելով դժվարություններ արդեն հաստատվել է, կուզե ասել հաջորդին, թե դու էլ անցի իմ ճանապարհը, որ իմանաս այն ամենը ինչ ես եմ ապրել: Սակայն Լիբանանի հայության վերաբերյալ մի բացառություն կա: Յոթանասունականներին այնտեղից եկած ժողովուրդը նախորդների նման դատարկ չէր եկել, այլ իր բավականին գումարներով, որի շնորհիվ կարողացել են արագ հաստատել դիրքն ու իրենց կարծիքը բարձրաձայն արտահայտելու հնարավորություն ստացել:

- Ինչ կասեք Հայաստանից եկած հայերի մասին:
- Անշուշտ մենք անչափ ուրախացանք, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, սակայն դրա հետ մեկտեղ այստեղ ստացանք մարդկանց մի խավ, ովքեր հաստատվելով ինչպես ասում են Հայաստանում “Լոսում”, այնտեղ վատ համբավ ձեռք բերեցին, և դա դուր չեկավ ամերիկյան հայությանը: Քանի որ ընդունելի չէ հաճախ լրատվության մեջ հանդիպել “մաֆիա” և նման բառեր հայերի վերաբերյալ: Մանավանդ երբ իմանում ես, որ հազարավոր հայաստանցիներ այստեղ բանտերում են: Դժբախտաբար Հայաստանից եկած այդ խումբը մեծ բացասական ստվեր է գցում Հայաստանից եկած համեստ ու կրթված հայերի վրա, ովքեր և չեն կարողանում կապ հաստատել Ամերիկայի մնացած հայության հետ: Սակայն այս երևույթը բնորոշ չէ միայն Ամերիկային: Նույնը տեղի էր ունենում քսանականներին, երբ, օրինակ, Երուսաղեմում, որտեղ դրանից տասը տարի առաջ գաղթածները արդեն քաղաքացիներ էին համարվում և նորեկներին ասում էին “գաղթականները եկան առանց վարտիկ, դարձան մարդիկ” կամ 1947-ին, երբ Սովետական Հայաստան գաղթացներին “աղպարներ” կանվանեյին:
Առավել տխրեցնում է, երբ իմանում ես, որ Հայաստանում հաստատված մտավորականները ու գործարարները խաբվում կամ կողոպտվում են, այն պարագայում, երբ ջանում են գործ դնել Հայաստանի մեջ: Կամ այն, որ այստեղից ուղարկված օգնությունները տեղ չեն հասնում, կամ Հայաստանի մեջ տեղի ունեցող միջադեպը, ինչպես օրինակ, Հայրապետյանի “Հարսնաքարում” տեղի ունեցող դեպքը, այս ամենն այստեղ մեծ դժգոհություն է ստեղծում մարդկանց մեջ, որն էլ ազդում է Հայաստանից հայերի հետ հարաբերությունների վրա:

- Հիմնականում Հայաստանից ԱՄՆ գաղթողները բնակվում են Լոս Անջելեսի շրջակայքում և կարելի է կազմել արևմտյան ափում բնակվող միջին վիճակագրական հայի պատկերը: Ինչպես կնկարագրեք արևելյան ափում բնակվող հային, ո՞վ է նա:
- Այս ափ գաղթողների առաջին սերունը գորգավաճառությամբ ու հագուստի չոր մաքրմամբ էին զբաղվում, հաջորդող սերունդներն արդեն հիմնականում տնտեսագիտությամբ ու բիզնեսով զբաղվողներն էին: Այսօր բավականին թիվ են կազմում հարուստ մարդիկ, սակայն մի խնդիր կա: Եկեղեցին անչափ զորավոր գործ է կատարում հայապահպանության մեջ, սակայն նրա նյութական հնարավորությունները կախված են զորավոր հայերից, որոնց տեղեկացվածությունը հայության իրական խնդիրների վերաբերյալ բավականին սահմանափակ է: Եվ այս մարդիկ կարծում են, որ իրենք են տերն ու տիրակալը և միակն են, որ գիտեն համայնքի իրական խնդիրները:
Այնպես որ դասական պատկեր է՝ հայության մասնատվություն, համայնք, որը ցանկանում է միասնական լինել, բայց չգիտի թե ինչպես:
  
100_1743