19:45 , 28 սեպտեմբեր, 2015
Արդեն հայտնել ենք, որ Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը ընթանալու է բանակայինների 6-րդ համաշխարհային մարզական խաղերը, որին մասնակից 133 երկրի բանակային մարզիկներ մեդալներ են խաղարկելու 24 մարզաձևերի մրցումներում: Բուն մարզական միջոցառումներն ընթանալու են հոկտեմբերի 2-11-ը:
Արդեն տեղեկացրել ենք նաև, որ այս ստուգատեսի ըմբշամարտի մրցաշարում, որ կայանալու է հոկտեմբերի 5-10-ը, Հայաստանը ներկայացնելու են բանակային 8 ըմբիշներ՝ 4-ական հունահռոմեկան և ազատ ոճերի ըմբշամարտերի մրցումներում:
Ինչպես հայտեց ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը՝ բանակայինների կարևորագույն այս մարզահադեսին Հայաստանը կներկայացնեն նաև բանակային 4 ձյուդոիստներ: Կորեական տատամի վրա իրեն վարպետությունը ձյուդոյի ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ կցուցադրեն Գարիկ Հարությունյանը (60կգ), Հարություն Դերմիշյանը (66կգ), Ալբերտ Մկրտչյանն (73կգ) ու գերծանր՝ +100կգ քաշային Հակոբ Առաքելյանը:
Կորեա մեկնող ձյուդոյի ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Խիթարյանն, ով նաև միջազգային կարգի մրցավար է, կլինի ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում: Խիթարյանը տեղեկացրեց, որոնք մրցավայր են մեկնելու սեպտեմբերի 30-ին, իսկ խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարն ընթանալու է հոկտեմբերի 4-6-ը:
Բանակայինների 6-րդ համաշխարհային մարզական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենալու նաև հեծանվային սպորտում: Այստեղ ելույթ կունենա երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մհեր Մկրտչյանը:
Հեծանվասպորտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը տեղեկացրեց, որ պատասխանատու այդ ստուգատեսին իրենք պատրաստվում են Երևանում, որտեղ Մհերն անհատական ծրագրով մարզումներ է անցկացնում, ու հույս ունեն, որ Կորեայում նա լավ արդյունքներ կարձանագրի: Մարզիչը խնդրեց նաև իր երախտագիտությունը հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը իրենց նման բարձր պատվի ու վստահության արժանացնելու և այսպիսի կարևորգույն խաղերում նորամուտը նշելու առիթ ընձեռնելու համար:
Մարզիչը իրազեկեց, որ իրենք մրցավայր են մեկնելու սեպտեմբերի 30-ին, ու որ բանակային հեծանվորդ Մհեր Մկրտչյանը հանդես է գալու հոկտեմբերի 6-ին ու 9-ին անհատական մրցավազքում (40 կմ) ու խմբակային վազքում (135 կմ):
Հավելենք, որ բանակայինների համաշխարհային մարզական խաղերն, ինչպես և օլիմպիական խաղերը կազմակերպվում են 4 տարին մեկ անգամ: Այսպես, 1-ին խաղերին, որ տեղի են ունեցել 1995թ-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, մասնակցել են 83 երկրի 3990 բանակային մարզիկներ, ովքեր մեդալներ են խաղարկել 21 մրցաձևերում: Դրանց հաջորդած բանակային համաշխարահային մարզական խաղերը տեղի են ունեցել համապատասխանաբար՝ 2-րդը՝ 1999թ. խորվաթական Զագրեբ, 3-րդը՝ 2003թ. իտալական Կատանե, 4-րդը՝ 2007թ. հնդկական Հայդարաբադ, ու 5-րդը՝ 2011թ. բրազիալական Ռիո Դե Ժանեյրո քաղաքում:
Այս մրցաշարերի մասին առավել մանրամասն ու հանգամանալի տեղեկություններ կարող եք ստանալ cismmilsport.org և korea2015mwg.org կայքերից: