Մթերման գործընթացը վերահսկվո՞ւմ է


21:30 , 28 սեպտեմբեր, 2015

Գյուղացիական բերքի առատությունը լիարժեք մթերման առումով որոշակի խնդիրներ է առաջացրել: 
Վերջին մի քանի օրերին Հայաստանի որոշ մարզերում գյուղացիների շրջանում դժգոհություններ են առաջացել: Վերջիններս ընկերություններից պահանջում են մթերել իրենց ամբողջ բերքը: 
Այս հարցն ունի որոշակի նրբություններ: Առաջացած իրավիճակում արդարացի չէ մեղադրել ո՛չ գյուղացուն, և ո՛չ էլ մթերող ընկերություններին, որոնք որոշակի խնդիրներ ունեն արտաքին շուկաներում: 

Ինչ խոսք, այս տարի մի շարք պատճառներով մթերման գործընթացը բարդ էր: Կոնյակագործների և գինեգործների համար արտահանման շուկաներում, մասնավորապես՝ ռուսական շուկայում առաջացել էին խնդիրներ: Հիմնական խոչընդոտները կապված էին արևմուտքի երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների ու ռուսական ռուբլու արժեզրկման հետ:

Ակնհայտ է, որ այս պայմաններում մթերման գործընթացները կարելի էր նորմալ և կազմակերպված իրականացնել միայն խիստ վերահսկողության պայմաններում: 
Պետության դերն այս գործընթացում կարևոր է, սակայն ոչ պակաս նշանակություն ունի նաև ֆերմերական տնտեսությունների արագ ինքնակազմակերպումն ու ստեղծված իրավիճակում ռացիոնալ լուծում գտնելը: 

Այս համատեքստում, նշենք նաև, որ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարական էր տվել նաև գործադիրի վերահսկողական ծառայությանը, և այդ ստորաբաժանումը մթերման կետերում իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ: