00:34 , 2 դեկտեմբեր, 2012
Հայտնի մի քաղաքացի, մի սովորական առաջնորդ, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, ուզում է կուսակցություն հիմնել: Կանչում է իր «Հավատարիմ թուլաներ» հասարակական կազմակերպության բոլոր անդամներին և մնացած մասերին ու ասում իր ցանկության մասին: Դրանք կրթված մարդիկ են լինում. ամեն մեկը երկուսուկես մասնավոր համալսարան ու մի ակադեմիա է ավարտած լինում: Ամենատառաճանաչներին առաջարկում է բառարանից բառեր գտնել՝ կուսակցության անունը որոշելու համար: Մեկը հոմանիշների դպրոցական բառարանից կարդում է. «Վսեմաշուք, շենշող, շռայլ…»: «Չէ՜, վերջինը պետք չի, այլ տպավորություն է ստեղծվում՝ շռռայլ»: «Արժանապատիվ, բարգավաճ, արդար, ազատ»: «Դրանք զբաղված են, անցի առաջ»: «Ուրիշ բառարան չկա, ֆիրմա անուն դնենք՝ Օնլայն, Գողգոթա»:
– Չէ, Գողգոթան լավ չի, արա՜, ի՞նչ լայն Օնո, կարգին բան ասա: «Հոթ դոգ, քուին բուրգեր»: Ի՞նչ բուրգեր: Հա՜, էդ լավ ա: Դնում ենք «Քո բուրգերը»:
Հրավիրվածներից մեկը ներկայացավ. «Ես «Հայաստանի քաղաքացիներ» հասարակական կազմակերպությունից եմ, այնպիսի անուն դրեք, որ կանանց գենդերային և ֆեմինիստական…»:
– Լա՜վ, սրան փող տվեք, թող իր գնդերի շահերը պաշտպանի, անցնենք առաջ: Օրակարգի երկրորդ հարցը. մենք կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարելո՞ւ, թե՞ գլոբալ, մենթալիտետով ու միանշանակ:
Թիմակիցները հուզվեցին: Ա՛յ միտք եմ ասել, մարդը խոսել գիտի, բառեր գիտի, խելք ունի, բնածին տաղանդ ա:
– Իսկ շեֆը գիտի՞, թե ինչ անուն ենք դրել,– վախվորած հարցրեց մեկը:
Զանգ շեֆին, կարմրժրած սպասում, քրտնում, գունատում:
– Շեֆն ասում ա՝ «Քո բուրգերը» լավ չի, ավելի լավ ա՝ «Մեր գլանները»: «Մերը» մոտիկացնում ա մարդկանց:
– Բայց գլանները կարող ա կոկորդից հանեն,– առարկեց մասնավոր բժշկական ակադեմիայի մի սան:
«Ճիշտ ա»,– մտահոգ քրտնեց առաջնորդը: «Բա շեֆին ո՞վ կասի էդ մասին»: Սարսափելի լռություն: «Լավ, շեֆը կարող ա չհիշի, եկեք «Մեր գլանների» փոխարեն դնենք «Մեր բերանները», մեկ ա, գլանները բերանի մեջ են»,– իր գյուտից համեստորեն հպարտացավ առաջնորդը: Անցավ միաձայն, և ստեղծվեց մի նոր կուսակցություն՝ «Ձեր բերանը»:
ՎԱՍ