22:55 , 1 դեկտեմբեր, 2012
1.Նա լավիկն է: Ոչինչ չես կարող ասել, նա լավիկն է: Նա հայտնվեց ընկերներիցս մեկի հետ, իմ աշխատանքային օրվա թոհ ու բոհի մեջ: Ասել, որ ես տպավորված եմ...
Այո, պետք է ասել ,որ ես տպավորված եմ: Նա ունի սիրունիկ դեմք, հայացքի մեջ նկատվում են կամային ունակություններ ու գրողը ինձ տանի, նա ուղղակի քաշում է ինձ: Բայց այդ մասին մոռանալ է պետք:
2.Կրծքավանդակի ձախ հատվածում նկատված վիբրացիաները պետք է համարել նյարդային ջղաձգումներ, այլ ոչ թե սրտի եռանդուն հարվածներ...
Նա հայտնվել է իմ ընկերոջ հետ, ես չեմ կարողանում թաքցնել հայացքս, ես անկեղծորեն որսում եմ նրա հայացքները, ես ուզում եմ անդադար նայել նրա դեմքին: Լավ է, որ նրանք գնացին, հիմա ես կարող եմ իմի բերել այս ամենը, չնայած արդեն զգում եմ, որ ցանկանում եմ վազել հետևներից ու շարունակել նայել նրա դեմքին:
3.Նա ճանաչում է իմ ընկերներից շատերին: Նա գալիս է ինձ այցելության գրքերից հյուսված իմ աշխարհում ու խախտում իմ անդորը: Ես այլևս չեմ կարողանում թաքցնել իմ ցնծությունը, երբ տեսնում եմ նրան: Անձրևոտ օր է: Ես նրա հետ լքում եմ աշխատանքիս վայրը, մենք գնում ենք կողքի փողոց, ինչ-որ ֆլեշ մոբ դիտելու: Մենք շրջապատված ենք ընդհանուր ծանոթներով: Ես նայում եմ նրա ձեռքին: Ես բռնում եմ նրա ձեռռքը: Նա չի խլում այն: Եթե չեմ սխալվում` ես երջանիկ եմ:
4.Ես հաշվում եմ րոպեները: Ես երգում եմ Բիթլզի բոլոր երգերն ու հաշվում րոպեները: Մեր առաջին հանդիպումն է: Ես վախենում եմ: Պետք է մի կերպ անջատել կամ հանդարտեցնել սիրտս, թե չէ կարող է ջարդել կողոսկրներս ու դուրս թռչել:
Մենք միասին ենք հաշվում հանդիպմանը մնացած րոպեները: Գլխումս հեռախոսից մնացած նրա ձայնն է: Աչքերիս առջև մարդկանց ամբոխը: Ամբոխը ցրիվ է գալիս: Բոլորը կանգնում են: Պաուզա: Ահա նա: Ես պինդ գրկում եմ նրան: Ես սեղմում եմ նրա ձեռքը: Քայլելիս ես չեմ զգում ոչ իմ ոչ նրա մարմնի ծանրությունը: Ես ուզում եմ վայելել այս պահը առհավետ:
5.Ես հանդիպում եմ նրան առավոտները: Այսուհետ երկու արև կա ինձ համար: Մեկը վեր `է կենում արշալույսին, մոյւսը սկսում է շողալ այն պահից սկսած, երբ իջնում է ավտոբուսից ու ժպտում ինձ: Ես դեռ չեմ զգում մարմնիս ծանրությունը: Ես բռնում եմ նրա ձեռքն ու սկսում թռչել:
Ես սիրում եմ համբուրել նրան : Նա կծում է շուրթերս, նա հիասքանչ է, ես նրան սիրում եմ, ես սիրում եմ լինել նրա հետ, ինձ դեպի նա ձգում է:
6.Այսօր նա գեղեցիկ է քանց երբևէ: Նա քայլում է իմ կողքով, ու ես հպարտ եմ:
7.Զգում եմ, որ նրա հետ ես չեմ կարողանում զսպել ինքս ինձ: Ես ուզում գրկել նրան անվերջ պինդ, այնքան պինդ, որ դա կարող է ջարդել նրա ողնաշարը: Նա զանգում է ինձ անդադար, գլխիս մեջ անըդհատ նրա ձայնն է: Նրա մասին մտածելիս ես շատ զգույշ եմ լինում: Նրա մասին մտածելիս այնքան հեշտ է խայտառակ լինելը...
Ես կարծես թե չեմ սխալվում` երջանիկ եմ:
8.Նա ունի բարակ ոտքեր: Նրա ոտքերը կատարյալ բարակ են: Դա ինձ դուր է գալիս ու դարձնում ինձ գազան: Ես հիացած եմ նրա բարակ ոտքերով: Երբ սկսում եմ ինքս ինձ ջղայնանալ նրա վրա այդքան հաճախ զանգելու համար, հիշում եմ նրա բարակ ոտքերը: Դա ինձ հանգստացնում է ու պայծառացնում իմ հիվանդ ուղեղը:
9.Այսօր ես նրան չեմ տեսնելու: Ես չեմ ուզում այսօր նրան տեսնել, ուզում եմ մնալ ինքս ինձ հետ: Ես մտածում եմ ամեն ինչի մասին միաժամանակ: Ինձ են մոտենում իմ դևերը...իմ դևերը, որոնք ԻՄՆ են, ես էլ նրանցը: Ես զրուցում եմ դևերիի հետ: Նրանք կանչում են ինձ իրենց հետ...
Իմ դևերը:
10.Ես սիրում եմ հանդիպել նրան: Ես սիրում եմ, երբ նա փորձում է նայել աչքերիս մեջ ու տեսնել թե ինչ կա դրանց խորքում: Ես նայում եմ նրան: Նա այնքան բարի է....ես արգելում եմ իմ դևերին ծիծաղալ նրա վրա:
11.Խոսացի նրա հետ մի քիչ կոպիտ: Նա զանգահարում է հենց այն պահերին, երբ ես մոտեցնում եմ մատներս ստեղնաշարին:
12.Պետք է ասել նրան, որ սիրում եմ իրեն: Ես դեռ ոչ մի անգամ չեմ ասել, որ սիրում եմ իրեն, այդպես արդար չէ, ես պետք է ասեմ, որ սիրում եմ նրան, դա հարված կլինի բոլոր դևերին, ես պետք է ասեմ:
13.Չկարողացա ասել դա:
Նա զանգեց մեր բաժանումից տաս րոպե անց` հարցնելու, թե ինչպես եմ...
Դևերը կազմակերպել են իսկական խրախճանք: HELP ME!
14.Մենք հանդիպում ենք: Ես չեմ փորձում ոչինչ նրան ասել: Ինձ հետաքրքրում է միայն նրան նայելը: Ես պատրաստ եմ լռել նրա հետ դարեր շարունակ, ափսոս, որ նա չի գնահատում իմ լռությունը…
15.Ես պահում եմ ինձ խոզի պես: Իմ լռությունը չի ճանաչում ոչ մի սահմաններ: Սա անմարդկային լռություն է, ես պետք է ասեմ նրան, որ լռությունս չի բացատրվում հակակրանքով կամ նեղացածությամբ, ես պարզապես սիրում եմ լռել նրա կողքին:
Ես հասկանում եմ, որ դա նրան հաճելի չէ, բայց ես չեմ կարող չլռել:
16.Իմ լռությունը դուր չի գալիս նաև իմ դևերին: Նրանք պահանջում են կոնկրետ խոսքեր ու կոնկրետ գործողություններ: Դևերն ասում են, որ ՆԱ պետք է չլինի:
17.Նրան նայելիս ես ուզում եմ լացել: Ես ուզում եմ պատմել իմ դևերի մասին:
18.Նա զանգում է ինձ ու պահանջում պատմել որևէ բան: Ի պատասխան ես լռում եմ: Այսպես երկար չի կարող շարունակվել:
19.Հարված գոտուց ներքև` ես սիրում եմ խմել իմ դևերի հետ
20.Ես խուսափում եմ տեսնել նրան, որպեսզի չլռեմ:
21.Ինչու՞ նա չի հարցնում ինձ օրինակ հեպարդների կամ Վինսկոնսին նահանգի մասին: Այդ դեպքում ես կկարողանամ չլռել: Ես չունեմ հիմա բառեր ասելու համար, բոլոր բառերս խմել եմ դևերի հետ:
22.Ես սխալվում էի` երջանիկ չեմ:
23.Նա բարի է: Նա փորձում է խոսել ինձ հետ` չնայած իմ անմարդկային էգոիզմին:
24.Այսպես շարունակվել այլևս չի կարող:
25.Ես լռում եմ:
26.Դևերը ստիպում են ինձ կատարել վճռորոշ քայլեր: Նրանք խոստանում են ինձ անցյալից գոյացող ապարանքներ ու պալատներ, նրանց երգերում ես երջանիկ եմ: Ես պետք է թողնեմ այդ աղջկան, քանի որ լռում եմ նրա հետ:
27.Փորձեցի բացատրել դևերեին, որ սիրում եմ լռել նրա հետ: Չհավատացին: Եթե սիրեիր, չէիր լռի, ասում են նրանք:
28.Ես այսօր սպանում եմ ամեն ինչ, ինչ կապում էր ինձ նրա հետ: Ես ոչ մի բան չեմ զգում: Ես բութ եմ կաղնու նման: Ես անզգա եմ դահիճի պես: Ես դահիճ եմ: Դևերը շնորհավորում են ինձ:
29.Դևերն ասում են, որ հիմա ես երջանիկ եմ իրենց երգերում:
Ես երջանիկ եմ: Դևերի երգերում:
Ես սխալվում եմ:
30.Ես ունեմ սիրած արտահայտություն` SAVE ME! Փչացած դինամիկների մեջ փորձում եմ լսել դևերի երգը, որտեղ ես երջանիկ եմ...
Լռություն է: