Պետք է արժանին մատուցենք մեր զինված ուժերին, որոնք մշտապես արթուն են և իրենց արյան գնով պաշտպանում են հայրենիքը


00:33 , 26 սեպտեմբեր, 2015

Վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին կրկին լարվել է իրավիճակը, որն ինչպես միշտ սրվում է ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում: Մեր ստոր թշնամին, տեսնելով, որ դիվանագիտական, իրավական հարթակում չի կարողանում իրագործել իր ծավալապաշտական քաղաքականությունը, ժամանակ առ ժամանակ, ինչպես երեկ և այսօր, դիմում է ռազմական սադրանքների` փորձելով ռազմական ագրեսիայի եղանակով զիջումներ կորզել հայկական կողմից: 
Ադրբեջանցիները, չնայած սեփական մաշկի վրա զգացել են հայի ուժը, փորձում են իրենք իրենց համոզել, որ կարող են ռազմական ճանապարհով հաղթանակ տանել և իրագործել իրենց նվաճողական քաղաքականությունը: Սակայն հարկավոր է ժամանակ առ ժամանակ ստոր թշնամուն հիշեցնել անցյալի դառը փորձը: 
Պետք է արժանին մատուցենք մեր զինված ուժերին, որոնք մշտապես արթուն են և իրենց արյան գնով պաշտպանում են հայրենիքը, չնայած ցավալի կորուստներին: Երեկ գույժ ստացանք, որ Տավուշի սահմանագոտում թշնամու գնդակոծության արդյունքում զոհվել են երեք կանայք: Վատ լուրերը, սակայն, այսքանով չավարտվեցին. այսօր երեկոյան ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ հայտնվում էր 4 ժամկետային զինծառայողների (Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.)) կորստյան վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կան վիրավորներ: 
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և բարեկամներին:

Հ.Գ. Վստահ եմ, որ հայկական զինված ուժերն անպատիժ չեն թողնի այս սահմանային հանցագործությունը և արժանի հակահարված կհասցնեն թշնամուն: Վրեժխնդրությունը որևէ կերպ չի կարող մեղմացնել մեր ցավը, սակայն դաս կլինի ստոր թշնամու համար....