Ադրբեջանը պրոցեսն անվերահսկելի իրավիճակների է մղում


22:30 , 25 սեպտեմբեր, 2015

Վերջին երկու օրերին Հայաստանի ու Արցախի ուղղությամբ իրականացվող ինտենսիվ գնդակոծություններն ու արկակոծությունները պարզորոշ կերպով ի ցույց են դնում Ադրբեջանի իրական նպատակը՝ պրոցեսը մղել էսկալացիայի:

ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել 4 զինծառայողներ: Կան նաև վիրավորներ:

Ադրբեջանը վերջին շրջանում էականորեն ընդլայնել է Հայաստանի ու Արցախի ուղղությամբ կիրառող զինատեսակների թիվը, ինչը ենթադրում էր, որ ժամանակի ընթացքում իրավիճակն առաջնագծում առավել սրվելու է:

Եթե բանակցային գործընթացում ներգրավված երկրներն իսկապես շահագրգիռ են իրավիճակի լիցքաթափմամբ, ապա այդ նպատակին ուղղված քայլերի պետք է անցնեն, հայտարարությունների սպասելն անիմաստ է:

Բանակն այս իրավիճակում իր անելիքը կանի, ենթադրվում են «ցավոտ» խոցումներ տարբեր ուղղություններով, սակայն պետք է ֆիքսել, որ իրադրությունը ժամանակի ընթացքում առավել վտանգավոր է դառնում: