16:10 , 25 սեպտեմբեր, 2015
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեկնարկել է շախմատի՝ 8th Beirut International Open 2015 անվանումով միջազգային մրցաշարը, որին 14 երկրի 88 շախմատիստ է մասնակցում: Ստուգատեսում բավական մեծ է հայ շախմատիստների դեսանտը: Այսպես, մրցաշարում ելույթ ունեցող մասնակիցներից 9-ը հայազգի շախատիստներ են:
Նրանց թվում են՝ 2014թ ՀՀ չեմպիոն, 34-ամյա գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ու Բելառուսի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ 47-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը, ովքեր մրցաշարում համապատասխանաբար 5-րդ և 6-րդ վարկանիշն ունեն ու հաղթողի հավակնորդների շարքին են դասվում: Մյուս հայազգի շախմատիսիտներից ամենահայտնին թերևս Լիբանանի բազմակի չեմպիոնուհի, միջազգային վարպետ, 32-ամյա Քնարիկ Մուրադյանն է: Մրցաշարի մասնակցիների թվում են նաև Պաղեստինի ներկայացուցիչ Ռաֆի Ջիգերյան, ինչպես նաև լիբանանցիներ Ժիրայր Օգնայանը, Դանիել Պետրոսյանը, 11-ամյա Հրաչ Լախոյանը, 51-ամյա Սամիր Խանջյանն ու Գևորգ Թերզյանը: Ստուգատեսի էլո ֆավորիտը Հոլանդիան ներկայացնող 42-ամյա ռուս գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովն (2611) է:
Ստուգատեսին մասնակցող հայազգի շախմատիստներից առայժմ համեմատաբար կայուն խաղ է ցուցադրում Սերգեյ Կասպարովը, ով աշխատում է առաջատարներից ետ չմնալ: Բելառուսը ներկայացնող մեր հայրենակիցը 6 հնարավորից վաստակած 4,5 միավորով ընթանում է 7-10-րդ տեղերը կիսողների խմբում: Մասնավորապես, երեկ Սերգեյը սևերով պարտության մատնեց լիբանանցի Թարեք Մուդալալին: Մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են ռուսաստանցի գրոսմաստեր Սերգեյ Վոլկովն ու Ֆրանսիան ներկայացնող միջագային վարպետ Մանուել Վալլեսը:
Ցավոք, առայժմ անկայուն խաղ է ցուցադրում 2014թ. ՀՀ չեմպիոն Տիգրան Քոթանջյանը: Նրա տպավորիչ ու հուսադրող հաղթանակներին հաջորդում են ցավալի պարտությունները: Այսպես, նա երեկ էլ 6-րդ տուրում սևերով պարտվեց իրեն անհատական վարկանիշով 190 կետով զիջող եգիպտացի միջազգային վարպետ Հաթիմ Իբրահիմին: Սա մրցաշարում Քոթանջյանի կրած արդեն 2-րդ պարտությունն էր: Նա այժմ վաստակած 4 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Լիբանանահայ շախմատիստներից առայժմ լավագույն արդյուքն ունի 24-ամյա Ժիրայր Օկնայանը, ով 3,5 միավորով ընթանում է 30-րդ տեղում:
Նկատենք, որ ստուգատեսում մրցանակային են 1-7-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին բաժին կհասնի 2 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 1400, 3-րդին՝ 1000, իսկ 7-րդին՝ 200 դոլար պարգևավճար: Կանանց մեջ լավագույն արդյունքն արձանգրած շախմատիստուհին կարժանանա հատուկ մրցանակի և 250 դոլար պարգևավճարի, իսկ պատանինների մեջ էլ լավագույնը ճանաչված շախմատիստին՝ 150 դոլար պարգևավճարի:
Շրջանաձև մրցակարգով՝ 9տուրով ընթացող մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: