11:30 , 24 սեպտեմբեր, 2015
Սեպտեմբերի 21-ին «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել` ստանալով տարբեր բնույթի ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքից հետո «ազատամարտիկն» իր գործընկեր ազատամարտիկների և հանրության լայն շրջանակներում լուրեր տարածեց այն մասին, թե իրեն հալածում են իր ծավալած քաղաքական հայացքների և հրապարակային ակտիվ գործունեության համար` արատավորելով ու նսեմացնելով ազատամարտիկի բարձր կոչումը:
Սակայն նախօրեին մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Հակոբյանը ծեծի է ենթարկվել անձնական խնդիրների պատճառով: Ըստ լուրերի՝ նա պարտքով գումար է վերցրած եղել, իսկ երբ պարտքատերը զանգահարել է Հակոբյանին և պահանջել վերադարձնել պարտքը, Հակոբյանը հակադարձել է հայհոյանքներով:
Իհարկե, ոչ մի տարբերակով չեն խրախուսվում ծեծն ու բռնությունը մարդու նկատմամբ, բայց «ծեծի զոհն» էլ չպետք է, իր կոչումը շահարկելով, օրվա հերոս դառնա: Սմբատ Հակոբյանը բավականին անհարմար վիճակում է դրել իր ազատամարտիկ ընկերներին, ովքեր ի սկզբանե համոզված են եղել, թե իրենց ընկերոջը ծեծել են քաղաքական գործունեության համար:
Փաստորեն, Հակոբյանը, արատավորելով և շահարկելով ազատամարտիկի իր բարձր կոչումը, փորձում է իր պահվածքը թաքցնել «քաղաքական գործունեություն» տերմինի տակ և հանրությանը ներկայանալ զոհի կարգավիճակում:
Կարծում ենք` ավելի տրամաբանված և արդարացված կլինի, որ ազատամարտիկը, բժիշկը, թե ստեղծագործող մարդը պատվով կրի իր կոչումը, իսկ ցանկացած անձնական, գործնական հարց լուծում ստանա առանց պաշտոնների, կոչումների և բարեկամական կապերի շահարկման: