Կասպարովը հետապնդում է առաջատարներին


14:00 , 23 սեպտեմբեր, 2015

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ընթանում է շախմատի՝ 8th Beirut International Open 2015 անվանումով միջազգային մրցաշարը, որին 14 երկրի 88 շախմատիստ է մասնակցում: Ստուգատեսում բավական մեծ է հայ շախմատիստների դեսանտը: Այսպես, մրցաշարում ելույթ ունեցող մասնակիցներից 9-ը հայազգի շախատիստներ են: 
Նրանց թվում են 2014թ. ՀՀ չեմպիոն, 34-ամյա գրոսմայստեր Տիգրան Քոթանջայանն ու Բելառուսի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ 47-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը, ովքեր մրցաշարում համապատասխանաբար 5-րդ և 6-րդ վարկանիշն ունեն ու հաղթողի հավակնորդների շարքին են դասվում: Մյուս հայազգի շախմատիսիտներից ամենահայտնին թերևս Լիբանանի բազմակի չեմպիոնուհի, միջազգային վարպետ, 32-ամյա Քնարիկ Մուրադյանն է: Մրցաշարի մասնակցիների թվում են նաև Պաղեստինի ներկայացուցիչ Ռաֆի Ջիգերյան, ինչպես նաև լիբանանցիներ  Ժիրայր Օկնայանը, Դանիել Պետրոսյանը, 11-ամյա Հրաչ Լախոյանը, 51-ամյա Սամիր Խանջյանն ու Գևորգ Թերզյանը: Ստուգստեսի էլո ֆավորիտը Հոլանդիան ներկայացնող 42-ամյա ռուս գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովն (2611) է:
Երեկ մրցաշարում կայացան 4-րդ տուրի հանդիպումները: 3 անընդմեջ հաղթանակ տոնած ու նույնպիսի արդյունք ունեցող 9 առաջատարների խմբում գտնված Քոթանջյանը սպիտակներով զիջեց Հոլանդիայի պատվիրակ, գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովին:
Առաջատարների խմբում գտնված Սերգեյ Կասպարովն էլ սպիտակներով միավոր կիսեց ադրբեջանցի գրոսմայստեր Ազեր Միրզոևի հետ: Պաղեստինի ներկայացուցիչ Ռաֆի Ջիգերյանը սևերով պարտության մատնեց վրացի շախմատիստ Գեորգի Տաբաթաձեին, իսկ լիբանացիներ Դանիլեա Պետրոսյանն ու ժիրայր Օկնայանը միմյանց հետ խաղացած պարտիայում կիսեցին միավորը: 
4 տուրից հետո 4-ական միավորով մրցաշարային աղյուսակի 1-3-րդ տեղերը կիսում են Տիվյակովը, Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան) և Մանուել Վալլեսը (Ֆրանսիա): 
3,5-ական միավորով նրանց հետապնդում են 4 շախմատիստներ, որոնց թվում է Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Կասպարովը: Իր ակտիվում 3 միավոր գրանցած Քոթանջյանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ լիբանանահայ շախմատիստներից լավագույնն առայժմ 2,5 միավոր վաստակած Դանիելա Պետրոսյանն է: 
Այսօր տեղի ունենալիք 5-րդ տուրում Կասպարովը սևերով մրցելու է ֆրանսիացի միջազգային վարպետ Վալլեսի, Քոթանջյանը՝ լիբանանցի միջազգային վարպետ Նաբիլ Խեչենի, իսկ Դանիելա Պետրոսյանն էլ՝ սպիտակներով լիբանանցի ՖԻԴԵ-ի վարպետ Սամիր Սուրսոկի հետ:
Շրջանձև մրցակարգով 9տուրով ընթացող մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո: 
Նկատենք, որ ստուգատեսում մրցանակային են 1-7-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին բաժին կհասնի 2 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 1400, 3-րդինը՝ 1000, իսկ 7-րդ տեղինը՝ 200 դոլար պարգևավճար: Կանանց մեջ լավագույն արդյունքն արձանգրած շախմատիստուհին կարժանանա հատուկ մրցանակի և 250 դոլար պարգևավճարի, իսկ պատանինների մեջ էլ լավագույնը ճանաչված շախմատիստին՝ 150 դոլար պարգևավճար: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: