Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 3 բռնցքամարտիկներ


10:55 , 23 սեպտեմբեր, 2015

Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 2-ին բռնցքամարտի եվրոպական համադաշնության պաշտոնական կայքում՝ www.eubcboxing.org-ում, հրապարկվել է հոկտեմբերի 5-15-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք տղամարդկանց բռնցքամարտի՝ աշխարհի 18-րդ առաջնության (որը նաև 2016թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի) ժամանակացույցը: Համաձայն վերջինիս՝ հոկտեմբերի 4-ին ՝ Քաթարի ժամանակով ժամը 14-16-ը, տեղի կունենա առաջնության մասնակցիների վիճակահանությունը: Ըստ վերջնական հայտերի՝ աշխարհի առաջնությանը 10 քաշային կարգերում 40 մեդալների ու օլիմպիական 23 ուղեգրերի խաղարկմանը մասնակցելու իրավունք են ստացել 40 երկրի 260 բռնցքամարտիկ:

Ընդ որում, յուրաքանչյուր քաշային կարգում ելույթ է ուենալու 24-27 բռնցքամարտիկ: Նախապես հաստատվել էր՝ այս ստուգատեսում Հայաստանն ունենալու է 2 պատվիրակ, ովքեր այդ իրավունքը նվաճել էին օգոստոսին Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքերով: Դրանք Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը (56 կգ) և այդ ստուգատեսում 5-րդ տեղը գրաված Կորյուն Սողոմոնյանն (52 կգ) են: 
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ աշխարհի առաջնության մասնակցելու իրավունք է ստացել ՀՀ ևս մեկ բռնցքամարտիկ: Ինչպես պարզաբանեց բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արամ Մանուկյանը` բանակցությունների շնորհիվ ԱԻԲԱ-ն Հայաստանին «սպիտակ» քարտով աշխարհի առաջնությանը մասնակցելու ևս մեկ տեղ է հատկացրել, և ֆեդերացիայի ղեկավարության որոշմամբ այդ քարտը վստահվել է 64 կգ քաշային կարգում հանդես եկեղ Հովհաննես Բաչկովին:
Այնպես որ, Քաթարի մայրաքաղաքում Հայաստանն օլիմպիական ուղեգրերի համար պայքարող 3 բռնցքամարտիկ կունենա:
Իսկ թե ով կղեկավարի ՀՀ ազգային հավաքականը աշխարհի առաջնության ժամանակ, պարզ կլինի սեպտեմբերի 30-ին`ֆեդերացիայի հերթական համաժողովի ժամանակ:
Նկատենք նաև, որ Դոհայում հանդես կգան ևս երկու հայ բռնցքամարտիկներ: Նրանք հունիսին Բաքվում կայացած Եվրոպական մարզական 1-ին խաղերի փոխչեմպիոն, Ուկրաինան ներկայացնող 91 կգ քաշային Գևորգ Մանուկյանն ու 2015թ. Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Վրաստանի ընտրանին ներկայացնող 60 կգ քաշային Օթար Երանոսյանն են:
Հայ բռնցքամարտիկների մասնակցած քաշային կարգերում մեդալներն ու օլիմպիական ուղեգրերը կվիճարկեն՝ 52կգ-ում՝ 25, 56կգ-ում՝ 27, 60կգ-ում՝ 27, 64կգ-ում՝ 27, իսկ 91կգ-ում էլ՝ 24 մարզիկ: Նկատենք, որ ըստ այդմ արդեն նախօրոք մշակված մրցակարգի համաձայն՝ Դոհայում 10 քաշային կարգերում խաղարկվելու է ընդամենը օլիմպիական 23 ուղեգիր, համապատասխանաբար հետևյալ կարգով՝ 3-ական՝ 56, 60, 64, 69 և 75 կգ քաշային կարգերում, 2-ական` 49,52 և 81 կգ քաշային կարգերում՝ աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը, իսկ 91 և +91 կգ քաշային կարգերում էլ միայն չեմպիոնները:
Հավելենք, որ 2016թ. փետրվարի 1-14-ը Աստանայում (Ղազախստան) կայանալիք կանանց բռնցքամարտի՝ աշխարհի 9-րդ առաջնությունում մեդալներից բացի 3 քաշային կարգերում օլիմպիական 12 ուղեգիր է վիճարկվելու, որոնք բաժին են հասնելու յուրաքանչյուր քաշային կարգում մրցանակակիրներին՝ աշխարհի չեմպիոնին, փոխչեմպիոնին ու 2-ական բրոնզե մեդալակիրներին:
Դոհայում հոկտեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 18-19:30-ը, տեղի է ունենալու առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Ըստ մրցաշարի ժամանակացույցի՝ հոկտեմբերի 7-10-ը կայանալու են նախնական փուլերի մենամարտերը: Հոկտեմբերին 11-ին և 12-ին տեղի կունենան կիսաեզրափակչի մրցամարտերը: Հոկտեմբերին 13-ը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հոկտեմբերի 14-ին և 15-ին կանցկացվեն եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար հանդիպումները: Հիշեցնենք, որ 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր կարելի է նվաճել նաև ԱԻԲԱ-ի հովանու ներքո անցկացվող WSB-ի և APB-ի մրցաշարերում, ինչպես նաև աշխարհամասային վարկանիշային մրցաշարերում:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը: