13:10 , 22 սեպտեմբեր, 2015
Այսօր ամբողջ օրը տեղս չեմ գտնում. կարծես չեմ կարողանում նայել սաներիս աչքերին... Մեղքի մեծ զգացում ունեմ: Ամեն անգամ, երբ գնում ենք արշավի կամ էքսկուրսիայի, կամ թե պատահական տեսնում եմ, որ երեխաներից մեկը լսում է էդ մուղամներով երգերը, խոսում եմ, բացատրում, արգելում..... Երկու օր առաջ Անկախության տոնի առթիվ Լաստիվեր գնալուց սաներիցս մեկի հետ նույն կռիվն էինք տալիս, ու երեկ, երբ իմացա Արմենչիկի ու Ձախի կոչումների մասին, առաջին բանը, որ միտքս եկավ, երեխաներն էին... Էլ ես ինչպե՞ս արգելեմ նրանց լսել դա. չէ՞ որ մարդն իր երկրի վաստակավոր արտիստին լսելու իրավունք ունի... Եթե ես արգելում եմ, ես դեմ եմ գնում իմ պետության որոշումներին, իմ պետության ղեկավարի հրամանագրին, ես՝ պատմության ու հասարակագիտության (մարդու իրավունքներ, գեղագիտություն, բարոյագիտություն, քաղաքագիտություն....) ուսուցիչս: Մեր՝ այսօրվա սերունդ կրթողներիս թևերը կտրում եք, պարոնա՛յք. չեք օգնում, գոնե թողեք՝ մեր համեստ աշխատանքը պատվով կատարենք, մի խանգարեք, խնդրում եմ... Թողեք՝ գեղագիտությանս դասին ժպիտով մտնեմ, թողեք՝ կարողանամ Անկախության արժեքը լավ բացատրել. օրինակների տեղ թողեք... Թողեք, որ ասեմ՝ «Անկախությունը թույլ է տալիս մեզ գնահատել մեր ազգային, հոգևոր ու մշակութային արժեքները, վեր հանել ու սրբագրել, կերտել Հոգևոր Հայաստան, առանց որի չկա Հզոր Հայաստան»: Խնդրում եմ, թույլ տվեք գործս պատվով կատարել...