Հայը ոգու ժողովուրդ է


19:29 , 30 նոյեմբեր, 2012

Իսկ ոգուն ներհատուկ է տառապանքը:
Բոցից, երկունքից, ցավից ծնեց իր Վահագնին - ահա հայի կենսազգացողությունը, նրա աշխարհյուրացումը:
Նրա համար չէ լոկ կեցության ուրախությունը: Հայի համար աշխարհի հետ հաշտ եւ ուրախ լինելու համար բավական չէ կուշտ լինելը:

Ժողովուրդներ կան, որոնք կյանքն ու աշխարհը ընդունում են այնպես, ինչպես որ նրանք տրված են բնորեն, ինչպես որ նրանք կան առարկայորեն:
Իր էության բերումով` հայն իր գոյությանը հաղորդում է որոշ սրբազանություն եւ նպատակ` ձգտելով իմաստավորել եւ կատարելագործել այն: 
Հայն իդեալի ժողովուրդ է, իսկ իդեալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացություն, լավագույնի կարոտ:
Աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլեւ` կատարելագործելու, բարեշտկելու այն-ահա հայի աշխարհըմբռնումը, նրա էթիկական բարձր հասկացողությունը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնացավ նա` կանխելով գրեթե իր բոլոր հարեւաններին: Հայը հավասարապես տառապում է ինչպես իր գոյության ծանրածանր պայքարի առթած ցավից, այնպես էլ` աշխարհի եւ մարդկային ազգի անկատարելության գիտակցությունից:
Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եւ պետք է որ լինի:
Մհերը` հայկական էպոսի հերոսը, իմա` ինքը հայ ժողովուրդը, մերժում է գոյություն ունեցող աշխարհակարգը` լավագույնի պահանջ զգալով եւ առաջադրելով: 
ԱՅՍՊԵՍ Է ԱՍԵԼ ՆԺԴԵՀԸ: