Հայաստանի բադմինթոնիստներն առաջիկայում ուժերը կփորձարկեն եվրոպական երկու ստուգատեսերում


15:57 , 19 սեպտեմբեր, 2015

Օգոստոսին տեղի ունեցած համահայական 6-րդ խաղերին մասնակցելուց հետո Հայաստանի առաջատար բադմինթոնիստների համար մրցելույթների առումով հարաբերական անդորր ու որոշակի խաղադարդար էր, սակայն նրանք ջանադրաբար շարունակում էին մարզումներ ու նախապատրաստվում էին առաջիկա պատասխանատու նոր փորձություններին: 
Ինչպես հայտնում է բադմինթոնի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանն՝ այս ամսվա վերջին ՀՀ ուժեղագույն բադմիթոնիստներին երկու բավական լուրջ փորձությունն է սպասում եվրոպական մրցասպարեզներում:
Այսպես, պատանի 5 մարզիկներ՝ Քնարիկ Մարգարյանը, Մանե Ստեփանյանը, Գայանե Մամաջանյանը, Վարդան Կիրակոսյանն ու Արման Վարդանյանը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում կմասնակցեն ԱՊՀ երկրների մինչև 15 տարեկան դպրոցականների մարզական միջազգային փառատոնի ծրագրով բադմինթոնի մրցաշարին: Հավելենք նաև, որ այս ստուգատեսում 2014թ. թիմային մրցաշարում բադիմինթոնի ՀՀ հավաքականը 3-րդ տեղն է գրավել, իսկ անհատական մրցումներում էլ Քնարիկ Մարգարյանն աղջիկների մենախաղում թե՛ 2013թ-ին և թե՛ 2014թ-ին բրոնզե մեդալակիր է դարձել:
Իսկ ահա մեր առաջատար բադիմինթոնիստուհիներից երկուսը՝ ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյան ու Մարիետա Նիկոյանը, հերթական անգամ հնարավորություն են ստացել բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի անդամ, բադմինթոնի եվրոպական միության գործադիր բյուրոյի անդամ, բադմինթոնի Բալկանյան ասոցիացիայի և Բուլղարիայի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ֆեդերացիայի պատվավոր նախագահ Բյուզնադ Կասաբյանի հրավերով ու օժանդակությամբ մասնակցելու սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվելիք Babolat Bulgarian International 2015 ավանումով միջազգային մրցաշարին: 
Նկատենք, որ Ուլյանովսկում ՀՀ պատվիրակները հանդես կգան մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ, իսկ Բուլղարիայում՝ ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի ղեկավարությամբ: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: