13:40 , 19 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախագահ Բարաք Օբամայի անունից ուղերձ է տարածել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, հայտնում է armenianweekly.com-ը։
«Նախագահ Օբամայի ու ԱՄՆ-ի ժողովրդի անունից լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին` սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության տոնի կապակցությամբ։
Միացյալ Նահանգներն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ավելի ամուր են, քան երբևէ։ Դրա ապացույցն են հայկական տնտեսության զարգացման գործում ԱՄՆ-ի ռեկորդային ներդրումները։
Մենք երախտապարտ ենք հայ զինծառայողներին միջազգային խաղաղարար առաքելությունների շրջանակներում ցուցաբերած նվիրվածության ու անձնազոհության համար: Մենք հպարտանում ենք այն հայորդիների նվաճումներով, որոնք իրենց գործունեությամբ հարստացրել են մեր 2 ժողովուրդների մշակույթը։
Տոնելով անկախության 24-րդ տարեդարձը` հիշե՛ք, որ Միացյալ Նահանգներն ընկեր ու գործընկեր է, որը լիովին աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, բարգավաճմանն ու անվտանգության պահպանմանը։
Շնորհավորանքներս ու լավագույն մաղթանքներս եմ հղում աշխարհի բոլոր հայերին` ցանկանալով խաղաղ ու բարգավաճ տարի»,- նշվում է ուղերձում։