Եգիպտական բուրգերի սարսափելի գաղտնիքը. «Փարավոնների անեծքի» առեղծվածը բացահայտված է (Photo)


18:45 , 18 սեպտեմբեր, 2015

Հնէաբանական ու գիտական աշխարհում կա տարածված մի լեգենդ, համաձայն որի՝ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անհանգստացել հազարամյակներ առաջ մահացած փարավոնների ու նրանց՝ արքայական ծագման հարազատների հանգիստը, սարսափելի դժբախտություններ են վիճակված: Բանն այն է, որ փարավոնների անեծքին ենթարկված արքայական դամբարանների պեղումների մասնակիցները մահանում էին:

Փարավոնների անեծքի պատմությունը սկիզբ է առնում Թութանհամոն փարավոնի դամբարանի պեղումից: 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը հայտնաբերեց եգիպտական դամբարան ու միանգամից հեռագիր ուղարկեց Լուքսորից՝ Լոնդոնում գտնվող արշավի գլխավոր հովանավոր Ջորջ Կարնարվոնին. «Ցնցող հայտնագործություն: Արքաների հարթավայրում հայտնաբերվել է դամբարան, որի կնիքներն անվնաս են: Մինչ Ձեր ժամանումը բոոր աշխատանքները դադարեցվում են: Բարով մնաք: Հ.Քարթեր»:

Լորդ Կարնարվոնը ժամանեց 2 շաբաթ հետո ու անմիջապես կարգադրեց բացել դամբարանը: Սկզբում հերթականությամբ բացում էին սենյակները, իսկ բուն դամբարանը բացեցին միայն 3 ամիս անց՝ 1923 թվականի փետրվարի 13-ին: Առաջինը դամբարան մուտք գործեց Քարթերը, իսկ հետո՝ Կարնարվոնը, իսկ նրանցից հետո դամբարան մտան արշավախմբի ևս 17 անդամներ:

Երկու ամիս էլ չանցած՝ 1923 թվականի ապրիլի 5-ին, 57-ամյա լորդ Կարնարվոնը մահացավ Կահիրեի «Կոնտինենտալ» հյուրանոցում (ինչպես հետո հաղորդվեց՝ միջատի խայթոցից): Սա առաջին մահն էր: Հետագայում մահացան Թութանհամոնի դամբարան մուտք գործած մարդկանցից ևս մի քանիսը, ու լրագրողները սկսեցին աղաղակել փարավոնների անեծքի մասին:

Նման լրագրողներից մեկը՝ Հելգա Լաերտը, գրել է. «Կարնարվոնի մահը սկիզբ դրեց անսպասելի ու առեղծվածային մահերի մի ամբողջ շղթայի: Մեկ տարվա ընթացքում լրիվ անսպասելիորեն մահացան 5 մարդիկ, ու նրանք բոլորը մուտք էին գործել Թութանհամոնի թանգարան: Նրանց թվում էին նաև ռենտգենոլոգ Վիդը, ով ճառագայթել է փարավոնի մումիան հենց դամբարանում, գրականության անգլիացի պրոֆեսոր Լա Ֆլերըմ, կոնսերվացման գծով մասնագետ Մեյսը, ինչպես նաև Քարթերի քարտուղար Ռիչարդ Բեֆիլը»:

Այլ լրագրողներ գրում էին, որ Կարնարվոնը մահացել է դամբարան մուտք գործելուց ոչ թե 2, այլ 4 ամիս անց, իսկ նրա մահվանից մի քանի օր անց մահացել էր նաև ռենտգենոլոգ Արչի Ռայդը: Մի քանի ամիս անց մահացել է ամերիկացի Ջորջ Գոուլդը, ով ևս եղել էր դամբարանում: 1928 թվականին՝ նկարագրված իրադարձություններից 5 տարի անց, անսպասելիորեն մահացավ Քարթերի քարտուղար Ռիչարդ Բարտելը: 1930 թվականին՝ իրադարձություններից 7 տարի անց, մահանում է Կարնարվոնի խորթ եղբայրը, ով ոչ մի կապ չուներ արշավախմբի հետ, իսկ քիչ ժամանակ անց մահանում է մահացած լորդի 61-ամյա այրին՝ անհայտ միջատի խայթոցից:

Սենսացիան գնալով ավելի մեծ տարածում էր գտնում, ու ավելի շատ պարբերականներում էին հայտնվում Թութանհամոն փարավոնի անեծքի մասին վերնագրեր: Որոշ աղբյուրներում նշվում էր, որ արշավի 17 մասնակիցներ են դարձել դրա զոհ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ 12-13: Ոմանք գրում էին, որ Կարնարվոնը մահացել է դամբարան մտնելու հաջորդ օրը, իսկ այլք պնդում էին, որ 6 օր, 3 շաբաթ, 2 ամիս ու անգամ կես տարի անց: Մի հոդվածում նշվում էր, որ Քարթերի քարտուղարի անունը Բաֆիլ էր, իսկ մյուսում՝ Բարտել: Իհարկե, տեղեկատվական այս խառնաշփոթը վկայում է այն մասին, որ այս լուրից սենսացիա սարքել փորձել են հարուստ երևակայություն ունեցող բազմաթիվ ոչ բարեխիղճ լրագրողներ, ովքեր ցանկացել են զարմացնել աշխարհին, ու իրական լուրն աղավաղվել է «Փչացած հեռախոս»-ի սկզբունքով՝ ամեն վերապատմողի մոտ հարստանալով նորանոր մտացածին դետալներով:

Հետագայում՝ արդեն հետին ամսաթվով, այս բավականին սովորական պատմությունը սկսեցին համեմել «զարմանալի փաստերով»: Ահա դրանցից մի քանիսը.

– Կարնարվոնի տան աշխատակիցների խոսքերով՝ նրա հետ միաժամանակ սատկել է նրա սիրելի շունը, ով այդ պահին գտնվելիս էր եղել մոլորակի մյուս ծայրում:

– Կարնարվոնի մահից հետո Կահիրեն հոսանքազրկվեց, ու քաղաքի էլեկտրակայանի աշխատակիցները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել հոսանքազրկման պատճառները:

– Դամբարանը բացելուց առաջ Կարնարվոնը նամակ էր ստացել հայտնի անգլիացի պայծառատես կոմս Հեյմոնից, որում վերջինս նախազգուշացնում էր Կարնարվոնին, որպեսզի նա հանկարծ չբացի դամբարանը, քանզի դա մահացու վտանգավոր է: Իբր նամակում Հեյմոնը գրել էր հետևյալը. «Լորդ Կարնարվոն, մի մտեք դամբարան, այս խորհուրդը չլսելը մահվան կբերի: Սկզբում Դուք կհիվանդանաք անբուժելի հիվանդությամբ, իսկ մահը Ձեզ կայցելի Եգիպտոսում»:

– Դամբարանի մուտքի մոտ գրություն էին գտել, որում իբր անեծք էր գրված ցանկացած մարդու նկատմամբ, ով կհամարձակվի անհանգստացնել փարավոնին, սակայն ինչպես և այլ դեպքերում, այս լուրը ոչ ոք չի հաստատել:

Մի խոսքով, պատմությունն աղավաղում էր՝ ով չալարեր՝ նորանոր «փաստերով» հագեցնելով այն: Այս բոլոր լուրերում ավելի շատ կարելի է նկատել սենսացիաներ մատուցելու հակվածություն, քան իրականությունն իմանալու ցանկություն: Ներկայումս փարավոնների անեծքի ֆենոմենը մեկնաբանող երեք հիմնական վարկածներ կան՝ մոգական, կեղծ-գիտական ու ռացիոնալ:

Մոգական վարկածն իրենից ներկայացնում է ըստ էության այն ապատեղեկատվությամբ հագեցած աղմուկը, որը ստեղծել են լրագրողները, ու որի շնորհհիվ էլ ծնվել է «Փարավոնների անեծք» եզրույթը: Այս վարկածը կայանում է նրանում, որ անեծքն անբացատրելի ձևով խոցում է յուրաքանչյուր մարդու, ով համարձակվի անհանգստացնել արքայական անձերի մումիաների հանգիստն անգամ դարեր ու հազարամյակներ անց: Այսպիսի բացատրությունը դուր է գալիս այն մարդկանց, ովքեր սիրում են առեղծվածներ:

Կեղծ գիտական վարկածն, ի տարբերություն մոգականի, իրենից ներկայացնում է դամբարաններում եղած ու մումիաների հետ առնչված մարդկանց մահերը տրամաբանորեն բացատրելու փորձ: Այս վարկածում առկա են մի քանի հիմնական տարբերակներ, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ՝ թույների ազդեցություն, դամբարանում առկա սնկերի առկայություն, որոնք հազարամյակներով պահպանվել են այնտեղի բորբոսի մեջ:

Եվ վերջապես ռացիոնալ վարկածը, որը կասկածի տակ է դնում նախորդ երկու վարկածներն ու բուն անեծքի գոյության փաստը: Եթե հաշվի առնենք, որ արշավի մասնակիցների միջին տարիքը 74.4 տարեկան էր կազմում, ապա միանգամայն օրինաչափ է, որ դամբարան այցելելուց «կարճ» ժամանակ անց նրանցից ոմանք կնքեցին իրենց մահկանացուն: Ի՞նչ ասել է «կարճ ժամանակ անց»: Փաստերը ցույց են տալիս, որ արշավախմբի մահացած անդամներն իրենց մահականացուն կնքել են դամբարան մուտք գործելուց մի քանի ամսից մինչև 10 տարի հետո: Ի դեպ, փարավոնի հանգիստն անհանգստացնելու հարցում գլխավոր մեղավորը՝ Հովարդ Քարթերը, մահացել է 1939 թվականին 67 տարեկան հասակում: Այսինքն՝ իրադարձություններից 16 տարի անց…

Մի խոսքով, ռացիոնալ բացատրության տեսանկյունից այս պատմության մեջ ոչ մի առեղծվածային բան էլ չկա, ոչ էլ փարավոնների անեծք կա: Պարզապես բոլոր մարդիկ էլ մահանում են վաղ թե ուշ, իսկ մնացածը մոգոնել են լրագրողները: