11:28 , 30 նոյեմբեր, 2012
Միանգամից զգուշացնեմ, որ հոդվածիս վերնագիրը քաղաքականության հետ կապ չունի... Համարյա կապ չունի. դա նշանակում է, որ պետք է շտապել հրապարակել, քանի դեռ նախագահական ընտրությունները չեն բռնել «կրկեսը»։ Ով որ ուրիշ թեմա չի հանդուրժում, կարող է չկարդալ, մանավանդ ընկեր-ծանոթ-բարեկամներիցս նրանք, որ նեղանալու են` իմանալով, որ խոսքը բուն ֆուտբոլի մասին է։
Ամբողջ ազգը ֆուտբոլացավ է կպել... Նկատի չունեմ ազգային հավաքականի խաղերը, որը դրոշի ու երկրի պատիվն է պաշտպանում, ինչպես կասեին մեր փառապանծ մարզական մեկնաբանները. ես, բոլորի նման, նայում եմ հավաքականի խաղերը` միակ պայմանով, որ ֆուտբոլիստները գլուխ չպահեն դաշտում։ Միայն թե, բացի հավաքականից, շուրջս բոլորը խոսում են արտասահմանյան տարբեր թիմերի խաղերի մասին, ոգևորված իրար պատմում, թե որ ֆուտբոլիստին ինչքանով են վաճառել (գումարես` մի երկու թիմի աշխատավարձը կկազմի Հայաստանի բյուջեն), ճշտում հանդիպումների օրերն ու ցուցադրության ժամերը։ Հայկական ալիքներով։
Հպանցիկ սահելով հայկական հեռուստատեսություններով՝ տեսա, որ մեկը` «Հ2», Անգլիայի առաջնությունն է ցույց տալիս, մյուսը`«Լայմ», Գերմանիայի, երրորդը` «A-TV», Իսպանիայի, որը մի քանի տարի առաջ... հանրային «Հ1»-ն էր ցույց տալիս, իսկ «Արմենիան» էլ գովազդում է «Նորդշելանդ»-«Շախտյոր» խաղի գալիք ցուցադրությունը` հիշեցնելով, որ ուկրաինական թիմում Մխիթարյան կա։ Ես ուզում եմ հարցնեմ իմ ֆուտբոլասեր ծանոթ-բարեկամներին ու անծանոթ-բարեկամներին, նախ և առաջ` մտավորականներին, որոնց հասցեագրված է նաև ejournal-ը, իմ պատկերացմամբ. լավ, բան ու գործ չունե՞ք, որ ամբողջ օրը ֆուտբոլ եք նայում։ Ձեզ ի՞նչ, օրինակ, թե գերմանական երկու թիմ իրար հետ ոնց կխաղան... կամ իսպանական... կամ անգլիական... Երևի շատերն ասեն, իսկ քո ինչ գործն է, թե մենք ինչ ենք անում տանը նստած. սիրում ենք` նայում ենք։ Գուցե նույնիսկ մտածեն, որ հատուկ եմ հնարել էս թեման, որ վեճ ու աշխուժություն հարուցեմ։ Որ ճիշտն ասեմ, հնարավոր էր, որ գլուխ չդնեի, եթե անցյալ տարի Եվրոպայում ամիսներ անցկացնելուց հետո չանդրադառնայի, որ ոչ մի երկրում ոչ մասնակցել, ոչ էլ ներկա եմ գտնվել ֆուտբոլի մասին խոսակցության, ավելին` չեմ տեսել մտավորականի, որ ֆուտբոլի երկրպագու լիներ, էլ չասած` «ֆանատ»: Չեմ իմացել նաև, որ որևէ մեկը խաղադրույք անի, ինչպես որ, ասում են, շատ տարածված է մեզանում։
Համենայն դեպս, որոշեցի անձնական տպավորություններիս վրա չհիմնվել ու վիճակագրություն փնտրեցի։ Պարզվեց, որ «Մինգլ տրենդ» ընկերության հարցումների համաձայն՝ ֆրանսիացիների 45 տոկոսն, օրինակ, չէր պատրաստվում հետևել 2012 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը` հակառակ իրենց հավաքականի փառքին ու տիտղոսներին։ Իսկ մեր հայկական ալիքներից 4-5-ը օտար երկրների առաջնություններ են ցույց տալիս։ Սրան էլ արդեն էդ հեռուստատեսությունները, լինելով մասնավոր, կարող են առարկել, թե ընդառաջ են գնում պահանջարկին։ Հերթական անգամ մոռանալով, որ զանգվածային սփռումը մեծ հանրային պատասխանատվություն է ենթադրում։ Որ պետք է ոչ թե ենթարկվել օրվա ճաշակին, այլ ձևավորել ու թելադրել ճաշակ։
Ֆուտբոլը, էժանագին սերիալները զբաղեցնում են մշակույթի տեղը, որի սպառումից ստացվող բավականությունը հետարդյունաբերական հասարակություններում, զարգացած երկրներում համարվում է կյանքի նպատակ։ Աշխարհում ամեն տարի նկարահանվում են հազարավոր ֆիլմեր, տեղի են ունենում տասնյակ հազարավոր համերգներ, հրատարակվում են հարյուր հազարավոր գրքեր, բացվում են բազում ցուցահանդեսներ։ Եվ դրանց մեծամասնությունը հասանելի են եթե ոչ ֆիզիկապես, ապա համացանցի միջոցով։ Եթե մարդիկ դա ընտրեն, հեռուստատեսություններն էլ ուզած-չուզած պետք է փորձեն նույն կողմը նայել։
Վերջացնեմ երկու նորությամբ, մեկը` լավ, մեկը` վատ։ Օրիգինալություն չանեմ ու սկսեմ վատից` կյանքը կարճ է: Բայց լավ նորություն էլ կա` կարելի է այն ավելի լավ տնօրինել, քան խալխի ֆուտբոլի առաջնությունները բազմոցին պառկած նայելը։ Սկզբի համար` վեր կենալ բազմոցից։