Ինչո՞ւ Վահան Մարտիրոսյանը փախավ հենց Ադրբեջան


10:52 , 18 սեպտեմբեր, 2015

Քանի որ 3 տարուց ավել կլինի, որ ճանաչում եմ Վահան Մարտիրոսյանին, փորձեմ պատասխանել բոլորի մոտ առաջացած ամենամեծ հարցին՝ ինչի՞ հենց Ադրբեջան, այլ ոչ թե ուրիշ երկիր:
Վահան Մարտիրոսյանն այն մարդն է եղել, որը երբեք չի սիրել աշխատել և իմ ճանաչած տարիներին չի աշխատել ոչ մի տեղ: Գումար հայթայթելու համար նա միշտ պատրաստ է եղել ցանկացած ստորության: Եթե ֆեյսբուքյան ընկեր է եղել ձեզ, ապա ուշադրություն դարձրեք, նա միշտ ընտրել է որևէ թիրախ և սկսել անընդհատ տարբեր զրպարտություններով հանդես գալ նրա դեմ: 2013 թվականին կոնկրետ մի քահանայի դեմ էր աշխատում, հետո լռեց: Հետո մի միֆ էր հորինել ինչ-որ բռնաբարության մասին, սկզբում գցեց ժողի հայտնի ուսանողների վրա, այնուհետև որպեսզի դիմակը չպատռվի, փորձեց նույն զրպարտությամբ ինչ-որ պաշտոնյայի մեղադրել նույն հանցագործության մեջ: Ընթացքում եղել են մի քանի գողության դեպքեր, որոնց մեջ կասկածել են իրեն տուժողները, բայց չեն դիմել իրավապահ մարմիններին: Փորձեց մի քանի հանրահավաք կազմակերպել և ներքաշել էր որոշ՝ մաքուր անցյալ ունեցող մտահոգ անձանց, ինքս անձամբ զանգահարել, զգուշացրել եմ, որ հեռու մնան իրենից: Հետո փորձեց գումար կորզել «ՀայՌուսգազարդից»: 
Մինչև գազի թեմաները կոնկրետ սկսել էր աշխատել բանակի դեմ, մի քանի անգամ անձնական նամակով զգուշացրել եմ, ստիպել եմ, որ հեռու քաշի ձեռքերը բանակից: Վերջում արդեն Սեդրակյան Մհերի պատմությունը: Ճիշտն ասած՝ իմանալով, որ նորից զրպարտություն է, վախեցա հակազդել, քանի որ գիտեի, որ ֆեյսբուքյան էմոցիոնալ ամբոխն ինձ գամելու է անարգանքի սյանը՝ պիտակավորելով որպես ծախու հանրապետական, Սեդրակյանի կողմից կաշառված և բազմաթիվ այլ վիրավորական բառերով: Նա այս միջադեպն այնքան փնթի էր կազմակերպել, որ ակնհայտ երևում էր, որ սուտ է: Սկզբում կինն ամուսնու էջից գրում է, որ նրա կինն է, և շտապ է՝ իր ամուսնուն ծեծել են: Հետո նույն էջից գրում է, որ կնոջն այնպես են ծեծել, որ կորցրել է երեխային: Ըստ ձեզ, եթե կնոջն այնպես ծեծեն, որ կորցնի երեխային, նա կարո՞ղ է գալ, ֆեյսբուքով ամուսնու պրոֆիլից գրառում անել, գնալ, հիվանդանոց պառկել ու ոչ մի սթրես չունենալ:
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչի հենց Ադրբեջան, դա բացատրվում է միայն այն հանգամանքով, որ նրան միայն Ադրբեջանը կարող էր գումար տալ, նա, համոզված եմ, այս ասուլիսի համար կլորիկ գումար է վերցրել՝ պայմանով, որ ասուլիսից հետո իրեն արտաքսեն Եվրոպա՝ վայելելու իր աշխատածը: Եթե միանգամից Եվրոպա գնար, նախ շատ դժվարությամբ կհասներ, երկրորդը՝ այնտեղ պիտի աշխատեր, որն ինքը չի սիրում և հետո այնտեղ զրպարտությամբ գումար աշխատելու ոչ մի տարբերակ չուներ: Ադրբեջանին այս ասուլիսն օդի ու ջրի պես պետք էր: Խնդրանքս հայկական ԶԼՄ-ներին, խնդրում եմ, մի՛ տարածեք նրա ասուլիսը. տարածելով՝ ըստ իս ակամայից առանց գիտակցելու համագործակցում եք նրանց հետ, դառնում պրոպագանդայի լավագույն ձրի միջոցներից մեկը: