09:21 , 17 սեպտեմբեր, 2015
Պենզայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Ռուսաստանի գավաթի խաղարկությունը, որին երկրի բոլոր ուժեղագույն մարմնամարզուհիներն ու մարմնամարզիկներն են մասնակցում: Այս ստուգատեսը նաև ընտրական բնույթ է կրում, քանի որ ընտրվելու են և ՌԴ-ի հավաքականների կազմերը համալրելու են այն լավագույնները, ում էլ կվստահվի երկրի մարզական պատիվը պահել հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում ընթանալիք աշխահի առաջնությունում, որն, ի դեպ, նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի:
Այդ է պատճառը, որ Պենզայում համառ ու թեժ պայքար է ընթանում ազգային հավաքականում ընդգրկվելու համար:
Երեկ ավարտվեց թիմային պայքարը: Կանանց ՌԴ-ի ազզային հավաքականի թեկնածու 16-ամյա մոսկվացի, միջազգային կարգի սպորտի վարպետ Սեդա Թութխալյանն, ով այս տարվա կանանց Ռուսաստանի առաջնության բազմամարտի բրոնզե մեդալակիրն է, ինչպես նաև Բաքվի եվրոպական մարզական 1-ին խաղերի թիմային չեմպիոնուհին, ընդգրկված էր կանանց Մոսկվայի թիմի կազմում: Նա երեկ Ալլա Սոսնիցկայայի, սպորտի վաստակավոր վարպետ Մարիա Պասեկայի և Դարիա Սպիրիդոնովայի հետ միասին արձանագրած 173,1 միավոր արդյունքով գրավեց 1-ին տեղն ու արժանացավ թիմային ոսկե մեդալին: Նրանք իրենցից ետ թողեցին Կենտրոնական ֆեդերալ օկրուգի (168,4330) և Սանկտ Պետերբուրգի (159,867) թիմերին:
Տղամարդկանց թիմային մրցումներում 19-ամյա հայազգի մարմնամարզիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արթուր Դալալոյանը նույնպես հանդես էր գալիս Մոսկվայի թիմում: Այստեղ 261,25 միավոր արդյունքով լավագույնը Սիբիրյան ֆեդերալ օկրուգի թիմն էր:
Դալալոյանը Դմիտրի Լանկինի, Նիկիտա Նագորնիի և Ալեքսեյ Կասյանովի հետ 254,4 ցուցանիշով նվաճեց ստուգատեսաթիմային արծաթե մեդալը: Իսկ բրոնզե պարգևին արժանացավ Կենտրոնական ֆեդերալ օկրուգի թիմը (252, 95):
Սեդա Թութխալյանն, ով գյումրեցի անվանի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է, բազմամարտի որակավորման փուլում արձանագրեց 55,766, իսկ Արթուր Դալալոյանն էլ՝ 81,7 միավոր արդյունքը:
Այսօր՝ սեպետեմբերի 17-ին, կկայանան կանանց, իսկ վաղը՝ սեպետեմբերի 18-ին էլ տղամարդկանց բազմամարտի եզրափակիչ փուլի մրցումները, որոնց արդյունքներով ի հայտ կգան ՌԴ-ի գավաթակիրները:
Իսկ ահա արդեն սեպտեմբերի 19-ին և 20-ին էլ առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչներում կանայք կվիճարկեն մեդալների 4, տղամարդիկ՝ 6 հավաքածու:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: