12:41 , 16 սեպտեմբեր, 2015
21-ամյա բրազիլահայ շախամատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Պրուդյանը լավագույնն է ճանաչվել այդ երկրի Սան Խոսե դուս Կամպուս քաղաքում ավարտված արագ շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին Բրազիլիայի, Արգենտինայի, Բոլիվիայի, Պարագվայի և Հոլանդիայի 235 շախմատիստներ: Խոստումնալից երիտասարդ հայ շախմատիստը շվեյցարակական մրցակարգով ընթացած մրցաշարի բոլոր 7 տուրերում էլ հաղթանակներ տոնեց, այդ թվում նաև՝ պարագվացի գրոսմայստեր Խոսե Ֆերնանդո Կուբասի ու միջազգային վարպետ բրազիլացի Հերման Վան Ռիեմսդիյկի նկատմամբ և անվիճելիորեն նվաճեց գլխավոր մրցանակը:
6,5 միավորով 2-րդ տեղը գրավեց ևս մեկ մեր հայրենակից՝ 2013թ. Բրազիլիայի չեմպիոն, տղամարդկանց Բրազիլիայի ազգային ընտրանու անդամ, 29-ամյա Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, ով իր 7 հանդիպումներից 6-ում հաղթեց ու միայն 5-րդ տուրում այս մրցաշարում իր միակ ոչ-ոքին խաղաց արգենտինացի ՖԻԴԵ-ի վարպետ Մանուել Քրիտոբալի հետ: 6 միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց պարագվացի գրոսմայստեր Խոսե Ֆերնանդո Կուբասն, ով 6 հաղթանակներ էր տոնել ու միակ պարտությունը կրեց ստուգատեսի հաղթող Արմեն Պրուդյանից:
Նկատենք, որ սա վերջին շաբաթվա ընթացքում Արմեն Պրուդյանի տոնած արդեն 2-րդ անընդմեջ հաղթանակն էր միջազգային մրցաշարերում: Մինչ այդ նա Սան Պաուլոյում ընթացած Լորենցո Ժոաո Կորդիոլիի 1-ին հուշամրցաշարում էլ իրեն հավասար չէր ունեցել՝ կրկին ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք՝ 6 հնարավորից վաստակած 6 միավորով: Այս ստուգատեսին մասնակցում էին 7 երկրի 78 շախմատիստ: Ի դեպ, այս մրցաշարում Արմենը վճռորորոշ՝ եզրափակիչ՝ 6-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ Բրազիլիայում մեծ հարգանք վայելող ու ճանաչում ունեցող իր հայրենակից՝ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի նկատմամբ: Վերջինիս վրա այս պարտությունը շատ թանկ նստեց ու իր ակտիվում գրանցած 4,5 միավորով նրան մղեց 5-րդ հորիզոնական: 5,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց բրազիլացի գրոսմայստեր Անդրե Դիամանթն, իսկ 3-րդ տեղի մրցանակին էլ արժանացավ 5 միավոր վաստակած Բրազիլիայի մեկ այլ պատվիրակ՝ միջազգային վարպետ Մարկուս Սանթոսը:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: