Հայաստանի թիվ 1 ռակետ Անի Ամիրաղյանը հաղթանակով մեկնարկեց Թելավիում


20:15 , 15 սեպտեմբեր, 2015

Այսօր Վրաստանի Թելավի քաղաքում մեկնարկեց 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի միջազգային Telavi Open 2015 անվանումով միջազգային մրցաշարը: 6 երկրի՝ Վրաստանի, Կանադայի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ միասին մենախաղի հիմնական ցանցի մրցաշարի 29 մասնակիցների թվում են Հայաստանի 4 պատվիարկներ՝ ՀՀ թիվ 1 ռակետ, 21-ամյա Անի Ամիրաղյանը, 17-ամյա Արևիկ Թումանյանը և 16-ամյա Մարիամ Բայաթյանն ու Գաբիրելա Հակոբյանը:
Վիճակահանության քմահաճույքով այսօր 1/16-րդ փուլում Հայաստանի ներկաայցուցիչներից երկուսը՝ Արևիկ Թումանյանն ու Մարիամ Բայթայանը, հանդես են գալու իրար դեմ և վիճարկելու են 1/8-րդ փուլի ուղեգիրը:
Քիչ առաջ իր մենախաղի 1/16-րդ փուլի հանդիպումն ավարտեց Անի Ամիրաղյանը: ՀՀ բազմակի չեմպիոնուհին առավել բարձր կարգի շնորհիվ համոզիչ առավելությամբ` 6:0, 6:1 հաշվով հաղթեց 16-ամյա ռուսաստանցի Ադելինա Բարավիին: Այս հաղթանակը Ամիրաղյանին վարկանիշային 1 միավոր պարգևեց: Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Անին 1/8-րդ փուլում ուժերը չափելու է վիճակահանությամբ միանգամից այդ փուլից պայքարը սկսող 27-ամյա փորձառու վրացուհի Սոֆիա Կվացաբայայի հետ, ով ներկայում համաշխարահային դասակարգման կանանց մենախաղի՝ WTA-ի ցուցակում զբաղեցնում է 391-րդ հորիզոնականը:
Ցավոք, Անի Ամիրաղյանի հայրիկի` Ռուբեն Ամիրաղյանի 16-ամյա սանուհուն՝ Գաբրիելա Հակոբյանին, 1/16-րդ փուլի արգելքը չհաջողվեց հաղթահարել: Նա 1:3, 3:6 հաշվով տանուլ տվեց 15-ամյա ռուսաստանցի Սոֆյա Գոլուբովսկայային ու դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Նշենք, որ այստեղ Հայաստանի թենիսիստուհիները մասնակցելու են նաև կանանց զուգախաղի մրցաշարին, որտեղ 11 զույգերի վիճակելու են գլխավոր մրցանակը:
Զուգախաղում Անի Ամիրաղյանի զուգընկերուհի է 16-ամյա ռուսաստանցի Ամինա Անշբան, ով WTA-ի կանանց զուգախաղի դասակարգման ցուցակում 1143-րդ վարկանիշն ունի: Ամիրաղյան-Անշբա զույգը վիճակահանությամբ պայքարը սկսելու է միանգամից 2-րդ շրջանից՝ քառորդ եզրափակիչ փուլից, ուր նրանց մրցակիցը կլինի Թամարի Չալագանիձե-Եկատերինա Ցիկլաուրի, Ռուսաստան երկյակը: Նրանց հանդիպումը կկայանա հինգշաբթի` սեպեմբերի 17-ին: 
Մեր մյուս երեք աղջիկները պայքարը սկսելու են 1-ին շրջանից՝ 1/8-րդ փուլից: Գաբրիելա Հակոբյան-Մարիամ Բայաթյան զույգը հանդիպելու է ռուսաստանյան Պոլինա Գոլուբովսկյա-Ալինա Կիսլիցկյա երկյակի հետ, իսկ Արևիկ Թումանյանն էլ, ընկերակցելով 23-ամյա ռուստաստանցի Սոֆյա Վայնբերգի հետ, 1/8-րդ փուլում մրցելու է ռուսաստանյան Թամարա Բիժուկովա-Պոլինա Նովիկովա երկյակի հետ:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը: