13:07 , 15 սեպտեմբեր, 2015
Եթե Երևանի քաղաքապետը խոսել իմանար, ու նրանից պահանջեին խոսել, նա ստիպված էր լինելու մեզ բոլորիս բացատրել, թե ինչպես կարող է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության ամենասովորական չինովնիկ պետը, ով օրեր առաջ մարդ սպանեց, 120.000 դոլարանոց մեքենա վարել՝ 8 մլն դրամանոց համարներով։
Եթե Երևանի քաղաքապետը խոսել իմանար, ու նրանից պահանջեին խոսել, նա մեզ ստիպված էր լինելու բացատրել, թե ինչպես կարող էր այդ վարչության պետը մնալ պաշտոնում, երբ այնքան հիմար է, որ հանցագործության մասին ապացույց է վարում։ Երբ նրա մեքենային նայող ցանկացած ամենասովորական քաղաքացի վստահորեն կարող է ասել, որ այս մարդը թալանչի է։ Արդյո՞ք կարող է ղեկավարը չնկատել դա։
Եթե նա խոսել իմանար, ու նրանից պահանջեին խոսել, նա պետք է մանրակրկիտ կերպով ներկայացներ այն բոլոր մուտքերն ու ելքերը, որ իր տխրահռչակ աշխատակիցն ունեցել է, ու ստիպված լիներ գոնե արդարացնել նրան։
Եթե քաղաքապետը խոսել իմանար, ու նրանից պահանջեին խոսել, նա ստիպված էր լինելու խոստովանել, որ մեքենայի տակ ընկած մարդուն իր հանցավոր անտարբերությունն ու թալանչու հանդեպ մեղմ վերաբերմունքն են սպանել։ Ակնհայտ է, որ սյդ պատահարը չէր լինի, եթե այդ պետը նստած լիներ երկրի բյուջեն թալանելու համար։
Եթե նա խոսել իմանար, ու նրանից պահանջեին խոսել, նա ստիպված էր լինելու հրաժարական տալ ու խոստովանել, որ վատ ղեկավար է, որ անուշադիր է, փնթի է, որ հանցագործին հովանավորող է կամ առնվազն դրա վրա աչք փակող է։
Եթե նա խոսել իմանար, ու նրանից պահանջեին խոսել… Ցավոք, նրանից ոչ ոք ոչինչ չպահանջեց, ու նա անգամ չբարեհաճեց գոնե ներողություն խնդրել իր աշխատակցի համար։ Սպասենք էլի նմանատիպ դեպքերի ու ասենք շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին։