Արմնյուզի նոր եթերաշրջանը մեծ հաշվով ձախողված էր


12:34 , 15 սեպտեմբեր, 2015
Երեկ Արմնյուզի նոր եթերաշրջանի առաջին օրն էր, ու քանի որ նախորդ շաբաթների ընթացքում հատկապես շատ խոսվեցին երկու շոուների՝ «Ուշ երեկոյան Արա Կազարյանի հետ» շոուի ու ռեբրենդինգ եղած «Երեկոյան Երևանի» մասին, որոշեցի երկուսն էլ նայել։
 
Սկսենք Արա Կազարյանից։ Նախ ասեմ, որ չեմ հասկանում, թե ինչի է պետք, որ մարդը, ով հումորիստ չէ ու հումորի հետ քիչ առնչություն է ունեցել իր ողջ կյանքում, փորձի հումորային շոու վարել ու հումորներ անել։ Անգամ եթե հումորներդ «Վիտամինի» տղաներն են գրում, միևնույն է՝ իրավիճակային հումորներում տեսարանը տխուր է լինելու, ինչից տուժում է ողջ պատկերը։ Մի քանի անգամ դիտել եմ նաև US Armenia-ում նրա վարած շոուն ու ասեմ, որ քիչ տարբերություն տեսա։ Արան ամերիկյան կեղծ ոգևորությամբ էր խոսում, հումորներ անում ու հայտարարում հյուրերին։ Պետք է ուշադրություն դարձնել հեռուստադիտողների տարբերության վրա ԱՄՆ-ում և այստեղ։ Գուցե ԱՄՆ-ում ապրող Արայի համար նորմալ է, որ շոու վարողներն այդպես խոսեն, բայց այստեղի հանդիսատեսին դա կեղծ է թվում։ Դուր չեկավ նաև, թե ինչպես է Արան շոուն վարում։ Կանչել էր շատ տաղանդավոր մի մարդու՝ Արամ Mp3-ին, ով ինչ-որ չափով փրկեց շոուն ձախողումից, երբ սկսեց երգել։ Արան ոչ մի հետաքրքիր հարց չուներ Արամին։ Տպավորություն էր, թե չի պատրաստվել եթերին։ Մի երկու հարց անցյալից, որոնք ոչնչի մասին էին, մի երկու վատ հումոր Եվրատեսիլից ու վերջ։ Նաև դուր չեկավ, որ Արան 5 րոպե հարց է տալիս, ապա Արամ Мp3-ը փորձում է մի քանի վայրկյան պատասխանել, և Արան նրան ընդհատում է ու ինքն է պատասխանում իր հարցին Արամի փոխարեն, ապա տալիս է հաջորդ հարցը։ Գուցե առաջին եթերն էր, Արան ոգևորված էր և ուզում էր շատ խոսել ու տպավորություն գործել, բայց դա գեղեցիկ չնայվեց։ Լավ կլինի, որ հյուրը խոսի։ Խաղերի մասը հաջող էր։ Չեմ խոսում, որ դրսի համանման պրոյեկտներից թխած էր, բայց հետաքրքիր էր։ Հուսամ՝ նկատառումներս հաշվի կառնվեն։
 
«Երեկոյան Երևան»-ի մասին։ Տպավորություն է, որ Արմնյուզն իր տեղը չի գտնում դաշտում։ Հազիվ էինք հարմարվել հարցազրույցի ժանրին, որտեղ 3 հոգով խոսում էին հյուրի հետ և, իհարկե, իրար հերթ չէին տալիս, հիմա էլ նույնն արվում է նյուզ ժանրում։ Ով չի դիտել, ասեմ, որ 3 հաղորդավար նստած ջրիկ լուրեր են կարդում ու փորձում կատակել իրար վրա։ Նման ֆորմատների ձախողված պահն այն է, որ մարդիկ նորությունները սիրում են արագ իմանալ։ Ասենք՝ «Ժամը» լրատվականով անընդհատ նորություն են կարդում։ Իսկ այստեղ մի քանի ժամ ձգում են նույն նորությունների հայտնումն ու ընթացքում մի բան էլ անընդհատ գովազդ են գցում։ Ի դեպ, կարդում են ջրիկ նորություններ, ոչ թե կարևոր, որոնք բոլորս մի 10 ժամ առաջ արդեն համացանցում կարդացել ենք։ Ստացվում է, որ երիտասարդները դա չեն նայելու, քանի որ կարդում են իրենց արդեն կարդացած նորությունները, բացի այդ՝ հաղորդավար աղջիկների ոտքերը չեն երևում, իսկ մեծահասակները չեն հավանելու նորությունների այդ գյալաջի ֆորմատն ու նախընտրելու են ավանդական լուրերը։