20:45 , 10 սեպտեմբեր, 2015
Պատկերացումներն այն մասին, թե ինչ է ասել թանկարժեք սնունդ, տարբերվում են իրարից: Ոմանց համար դա կարմիր ձուկն է, ուրիշներ համար՝ հազվագյուտ սպիտակ տրյուֆելները: Իսկ ի՞նչ կասեք ելակային դեսերտի մասին, որը 4 միլիոն դոլար արժի: Դժվար է հավատալ, որ դա հնարավոր է իրական կյանքում, սակայն որոշ ռեստորանների մենյուներում իրոք առկա են աստղաբաշխական գներով ուտեստներ: Դրանք, ինչ խոսք, հազվադեպ են պատվիրում, այնուամենայնիվ, այդպիսի ռեստորանները չեն շտապում հանել դրանք իրենց մենյուի ցանկից: Ձեզ ենք ներկայացնում 9 ուտեստներ, որոնք այնքան թանկ են, որ մի ամբողջ բնակարանի գին կարող են արժենալ, իսկ որոշ դեպքերում՝ շքեղագույն առանձնատան:
Հնդկական ուտեստ՝ սամունդարի խազանա՝ 3000 դոլար
Համեմված ուտեստ է, որը պատրաստում են ամբողջական լոբստերից, սև տրյուֆելներից, խխունջներից, դեվոնշիրյան ծովախեցգետնից ու թառափի ձկնկիթից՝ Լոնդոնում գտնվող հնդկական «Bombay Brasserie» ռեստորանում: Ուտեստները, որոնք պատրաստում է շեֆ-խոհարար Պռալադ Հեջը, հանդիսանում են այս ռեստորանի մենյուի ամենաթանկ կետերը:

Ֆլերբուրգեր՝ 5000 դոլար
Ֆրանսիացի շեֆ-խոհարար Հուբերթ Կելլերի լասվեգասյան ռեստորանում կարելի է պատվիրել սև տրյուֆելներով ու ֆուագրայով համբուրգեր: Ուտեստը մատուցվում է տապակած կարտոֆիլի ու մեկ շիշ «Chateau Petrus» գինու հետ: Թանկարժեք քարերի տեսքով դեկոր ուտեստի մատուցման համար նախատեսված չէ:

«Louis XIII Remy Martin» պիցցա՝ 8300 եվրո
Պիցցան ուտեստ է, որը կարելի է գտնել գրեթե ամեն քայլափոխի, բայց պարզվում է, որ այս ուտեստն էլ կարող է աստղաբաշխական գներ ունենալ: Հայտնի իտալացի շեֆ-խոհարար Ռենատո Վիոլայի պիցցան արժե 8300 եվրո: Վարպետն իր պիցցայի պատվերներն ընդունում է անձամբ՝ Մայամի Բիչում գտնվող իր էլիտար ռեստորանում: Պիցցան պատրաստում են հաճախորդի աչքերի առաջ, եթե, իհարկե, նա ցանկանում է: Պիցցայի հիմնական բաղադրամասերն են լոբստերի միսը, ծովախեցգետիններ, երեք տեսակի ձկնկիթ, լանգուստի միս, սև գոմեշների կաթից պատրաստված հատուկ պանիր՝ մոցարելլա բուֆալո, ու, ի դեպ, այս ուտեստը մատուցելիս ևս ոչ մի թանկարժեք քար չի կիրառվում:

Դեսերտ՝ «Ձկնորս»՝ 14,5 հազար դոլար
«The Fortress» հյուրանոցի ռեստորանն առաջարկում է ձեզ ձկնորս պատկերող այս գեղարվեստական կոմպոզիցիան որպես դեսերտ: Ուտեստը պատրաստում են պրեմիում դասի «Dom Perignon» շամպայնով, շոկոլադով ու մրգերով: Դեսերտի գլխավոր մասը խոշոր ակվամարին քարն է, և, բնականաբար, այն մնում է այս դեսերտը պատվիրած հաճախորդին:

Շոկոլադե դեսերտ՝ «Frrozen Haute Chocolate»՝ 25 000 դոլար
Այս պաղպաղակը, որի բաղադրության մեջ մտնում է կակաոյի 25 տեսակ, որոնցից 14-ն աշխարհի ամենաթանկ տեսակներն են, մատուցում են նյույորքյան «Serpendity» ռեստորանում: Այս ուտեստը մատուցում են թափանցիկ տարայով՝ հարած սերուցքի, տրյուֆելների ու մի քանի շերտ ուտելու ոսկու հետ: Ի հավելումն, դեսերտի հետ մատուցում են ոսկե գդալ՝ պատված ադամանդներով, որը կարելի է պահել ձեզ մոտ, քանի որ դրա գինը ներառված է ուտեստի գնի մեջ: Դեսերտը կարելի է պատվիրել՝ նախօրոք պայմանավորվելով ռեստորանի հետ: 2007 թվականին «Frrozen Haute Chocolate»-ը մտավ Գինեսի գրքի մեջ՝ որպես այդ պահին աշխարհի ամենաթանկարժեք դեսերտ:

Շոկոլադե դեսերտ՝ 34,5 հազար դոլար
Այս դեսերտի հեղինակը բրիտանացի շեֆ-խոհարար Մարկ Հիբերթն է: Բելգիական շոկոլադից պատրաստվող այս քաղցր ուտեստը զարդարված է երկու ադամանդներով ու ուտելու արծաթով: Դեսերտը մատուցում են հատուկ տարայով, որի դիզայնը մշակվել է Տեո Ֆաբերժեի՝ հայտնի ոսկեգործի թոռան կողմից: 2011 թվականին Մարկ Հիբերթի շոկոլադե այս ուտեստը ճանաչվեց Միացյալ Թագավորության ամենաթանկարժեք դեսերտ:

Պլատինե տորթ՝ 130 հազար դոլար
Ըստ ամենայնի, չափազանց թանկ դեսերտների նկատմամբ մեծ սերը բավականին տարածված է ծագող արևի երկրում: Մի քանի տարի առաջ ճապոնացի հրուշակագործ Նոբու Իկարան ստեղծեց 130 հազար դոլար արժողությամբ տորթ, որը հարսանեկան ոճ ուներ ու տարատեսակ պլատինե զարդերով էր ծածկված: Այս տորթը դարձավ պլատինե զարդերի վաճառքով զբաղվող «Platinum Guild International» ընկերության ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշը:

Ադամանդե տորթ՝ 1,7 միլիոն դոլար
Իսկ այս տորթը պատրաստել են 2005 թվականի Սուրբ ծննդյան օրը՝ Տոկիոյում գտնվող հրուշակեղենի «Տակաշիմայա» խանութում: Այս բացառիկ տորթը պատրաստել է վարպետ Չժոն-Խուն Յունը: Դա նրանից ավելի քան 6 ամիս խլեց: Արդյունքում ստացվեց մի տորթ, որը զարդարված է 223 ադամանդներով, որոնցից ոմանք սրտիկի տեսք ունեն: Ի դեպ, տորթը բավականին փոքրիկ է ու ընդամենը 20 սմ բարձրություն ունի:

Ելակային դեսերտ՝ 3,95 միլիոն դոլար
ԱՄՆ Լուիզինա նահանգում գտնվող պոպուլյար «Arnaud’s» ռեստորանում մի ուտեստ կա, որը համարվում է աշխարհի ամենաթանկ ուտեստը: Այն իրենից ներկայացնում է քաղցր խյուսով պատված ելակ՝ անանուխի տերևներով: Եվ այսպես, ինչի՞ համար է այս ռեստորանը շուրջ 4 միլիոն դոլար պահանջում: Գաղտնիքը ուտեստի դեկորի մեջ է: Բացի անանուխի տերևներից, ելակը զարդարում է վարդագույն մեծ ադամանդով ոսկե մատանի: Այս թանկարժեք աքսեսուարը մատնացույց է անում այս դեսերտի նպատակը. այն պատվիրում են, երբ ցանկանում են ամուսնության շքեղ առաջարկություն անել: Այս դեսերտը կարելի է պատվիրել՝ միայն ռեստորանի հետ վաղօրոք պայմանավորվելով:
