ՌԴ քաղաքացիների` տեղական անձնագրերով ՀՀ մուտքի հարցը կքննարկվի


19:12 , 10 սեպտեմբեր, 2015

Panarmenian.net-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվել է ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող և իրականացվող քայլերի մասին:

Վարչապետը հանձնարարել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը ՀՀ ապահովելու հարցը, տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք», - նշել է կառավարության ղեկավարը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն երկար ժամանակ գործում է առանց վիզայի ռեժիմը։

ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: