15:15 , 10 սեպտեմբեր, 2015Որոշ մարդիկ գինու մառաններ ունեն, ոմանք իրենց նկուղներում պահում են հին կահույքն ու գանձերը, որոնք ժառանգել են իրենց նախնիներից: Սակայն Թուրքիայի այս քաղաքացին ինքն էլ տեղյակ չէր, որ բնակվում է հին քաղաքի ավերակների վրա: 1963 թվականին Դերինկույուի մի բնակիչ որոշեց վերանորոգել իր հին տունը, և երբ նրա բանվորները քանդեցին նկուղի պատերից մեկը, նրանք ակամայից ֆենոմենալ հնէաբանական հայտնագործություն արեցին:

Ինչպես պարզվեց՝ Դերինկույուի ստորգետնյա քաղաքն 8 մակարդակներ ուներ: Վերին հարկերում տեղակայված էին բնակելի տարածքները, իսկ ստորին հարկերում՝ եկեղեցիներ ու ստորգետնյա դպրոցներ:

Այս ստորգետնյա քաղաքի բնակիչները կարող էին նույնիսկ անասնապահությամբ զբաղվել: Որպեսզի թթվածնի պակասից չտուժեին ո՛չ մարդիկ, ո՛չ էլ կենդանիները, անտիկ Դերինկույում բարդ օդափոխության համակարգ էին ստեղծել: Հնէաբանները համարում են, որ իրենց հաջողվել է բացահայտել միան անտիկ բնակավայրի քառորդ մասը, իսկ հին ժամանակներում այնտեղ հանգիստ կարող էր 20000 մարդ բնակվել:

Փորձագետները համարում են, որ պատմական Կապադովպիայում կարող են ևս 50 այսպիսի քաղաքներ լինել: Դերինկույուն նույնիսկ միացված է հարևան Կայմակլի բնակավայրին՝ 8 կիլոմետրանոց ստորգետնյա թունելով:

Համաձայն պատմական վարկածներից մեկի՝ Դերինկույու բնակավայրում օսմանները թաքնվում էին՝ պաշտպանվելով քրիստոնյաների ոտնձգություններից, իսկ ծանր քարե դռները հուսալիորեն պաշտպանում էին նրանց: Սակայն այս վարկածը թուրքերն են առաջ քաշել, ու անհասկանալի է, թե այդ դեպքում ինչ գործ ունեին ստորգետնյա եկեղեցիներն ու վանքերը նրանց ապաստարանում, եթե նրանք քրիստոնյաների հալածանքներից էին փրկվում:

Այլ փորձագետները համարում են, որ քաղաքը շատ ավելի հին պատմություն ունի ու հավանաբար ստեղծվել է խեթերի կողմից 4000 տարի առաջ:



Մեր օրերում Դերինկույուն շատ սիրված զբոսաշրջային վայր է:






