17:01 , 28 նոյեմբեր, 2012
Վերջերս շատ է քննարկվում Հայաստանում ամուսնական զույգերի բաժանությունների հարցը: Այս քննարկումներում հիմնական շեշտը դրվում է սոցիալ-տնտեսական պայմանների վրա: Սա իհարկե կարևոր է, և իհարկե սոցիալ-տնտեսական պայմանները կարող են ազդեցություն ունենալ ընտանիքների ամրության վրա: Սակայն սա չի կարող բաժանության հիմնապատճառ դառնալ:
Ի դեպ, հարկ է նշել, որ բաժանությունների թիվը ավելացել է ոչ միայն Հայաստանում: Հիմա դա ամբողջ աշխարհի խնդիրն է: Շատ երկրներում դա արդեն սովորական երևույթ է դարձել: Եվրոպական երկրներում, օրինակ, դա արդեն մի տեսակ մոդայիկ երևույթ է դարձել: Նույնն է ԱՄՆ-ում, ինչի մասին կարելի է հասկանալ վերջին տարիներին նկարահանված էժանագին ֆիլմերից, հեռուստատեսային շոուներից և այլն: Չունենալով սոցիալ-տնտեսական խնդիրներ` կինն ու տղամարդը միասին ապրում են մի քանի տարի, հետո ամուսնալուծվում են: Որովհետև ձանձրանում են միմյանցից, նոր զուգընկեր են ուզում, նորատեսակ սեռական հարաբերությունների կարիք են զգում և այլն: Ամենակարևորը, որ ոչ ոք դժգոհ չի մնում:
Սակայն մենք բարեբախտաբար այդպիսի խնդիրներ առայժմ չունենք, և Աստված տա, որ երբեք էլ չունենանք: Մենք ունենք սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում ընտանիքի ներքին համերաշխության ու ներդաշնակության վրա: Բայց սա հիմնապատճառ չէ: 90-ական թվականներին կյանքը ավելի դժվար էր, սակայն ամուսնալուծությունների տեմպերն այնպիսին չէին, ինչպիսին այսօր է: Այսօր ամուր ընտանիք ունենալու մեր ամենամեծ խնդիրը սիրո բացակայությունն է:
Միմյանց սիրող տղամարդն ու կինը կես կիլոգրամ պանրի կամ ջինսե տաբատի պատճառով իրարից չեն հեռանա, որովհետև հանուն դրա չի, որ ամուսնացել են: Այստեղ շատ կարևոր է, թե ի՞նչ է ամուսնությունը մարդու համար, ինչպե՞ս է նա ընկալում դա, ի՞նչ զգացողություններ ունի: Օրինակ` ֆրանսիացիների կամ իսպանացիների մեծամասնությունը ամուսնանում են լոկ կրքից դրդված: Նրանց համար ամուսնությունը սեռական դաշինք է` ոչ ավելին: Այդ իսկ պատճառով էլ մի քանի տարի հետո ձանձրանում են իրենց զուգընկերոջից ու նորից բռնում որոնումների ուղին:
Ի՞նչ հիմքերի վրա են ամուսնանում մեզ մոտ: Աղջիկների զգալի մեծամասնությունը իր երկրպագուներից ջանում է դյութել նրան, ով առավել կայուն եկամուտ ու կապիտալ ունի: Իսկ եթե կարողունակ տղան նաև գեղեցիկ է, ապա աղջիկը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի գրավի այդ տղայի սիրտը: Այսինքն՝ հիմնականում աղջիկներն ամուսնանում են ոչ թե տղայի, այլ դրամապանակի հետ: Իսկ այդպիսի հիմքի վրա ստեղծված ընտանիքը չի կարող ամրություն ունենալ: Կամ գուցե ամուսնությունը կայանում է սիրո՞ հիմքի վրա, իսկ սերը` դրամապանակի՞... Գուցե աղջիկը սիրահարվում է դրամապանակին ու ստիպված սիրահարվո՞ւմ դրամապանակի տիրոջը:
Իսկ ինչպե՞ս են աղջիկ ընտրում տղաները: Այստեղ ամեն ինչ պարզ է դառնում տղայի շուրթերից հնչած մեկ նախադասությունից. «Ես իրան ուզում եմ»: Ի՞նչ է նշանակում «ուզում եմ»: Ուզենալը դա ցանկությունն է, իսկ եթե տղան ուզում է աղջկան դա արդեն կիրք է, սեռական ցանկություն: Տղաների ահռելի մեծամասնությունը իր ապագա կնոջ կամ ընկերուհու մասին խոսելիս հենց այդպես էլ արտահայտվում է` «ուզում եմ»: Այսինքն՝ հենց սկզբից իր ընտանիքի հիմքում դնում է սեռական ցանկությունը, որի արդյունքում կառուցում է ժամանակավոր ու անկայուն ընտանիք:
Իսկ ավելի զարմանալին այն է, որ աղջիկն ինքն է ասում, որ իրեն ուզում են. «Լսի´, գիտե՞ս ինքը ինձ ա ուզում», կամ մայրը աղջկա մասին` «Շատ ուզողներ ունի, բայց դեռ լուրջ բան չկա» կամ ինչ-որ մեկը ուրիշների մասին՝ «Ուսանող ժամանակ իրար էին ուզում»: Այս արտահայտությունները որքան ծիծաղելի են, այնքան էլ ցավալի, քանի որ հենց այս մտածելակերպով ենք ընտանիք կառուցում ու հետո էլ զարմանում, թե ինչու չստացվեց... Իրականում ցանկացած աղջիկ պիտի վիրավորվի այդ «ուզում եմ» արտահայտությունից, սակայն արի ու տես, որ դա այդպես չի:
Կարճ ասած, սիրուն հիմա եկել են փոխարինելու դրամապանակն ու սեռական ցանկությունը. աղջիկը սիրում է տղայի դրամապանակը, տղան` աղջկա մարմինը: Եվ համոզված եմ, որ հազվագյուտ աղջիկ կամ տղա են եկեղեցում «Մինչ ի մահ տե՞ր ես, որդյակ իմ» և «Մինչ ի մահ հնազա՞նդ ես, դուստր իմ» հարցերին պատասանել` այդ հարցերի խորքն ըմբռնելով ու դրանց էությունն այդ պահին իրենց սրտում զգալով:
Հարկավոր է սեր սերմանել սերունդների մեջ: Հայաստանը հիմա դրա կարիքը շատ է զգում: Սիրո հիմքի վրա ստեղծված ամուր ընտանիքն է ամուր ու հզոր պետության հիմնասյունը: Սիրեցե´ք ու սեր որոնե´ք, քանի դեռ ուշ չէ: