Պորոշենկոն մտադիր է Սաակաշվիլիին նշանակել Ուկրաինայի փոխվարչապետ. ԶԼՄ-ներ


17:00 , 8 սեպտեմբեր, 2015

6002_defaultLenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմը դիտարկում է կառավարությունում վերադասավորումներ կատարելու հարցը, ինչի արդյունքում Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի փոխվարչապետ։ Այս մասին «Ապոստրոֆ» պարբերականին հայտնել է պետության ղեկավարի ապարատում նրա աղբյուրը։

Վերջինս հայտնել է, որ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն։ Ենթադրվում է, որ նրա առաջին տեղակալ կդառնա «Պյոտր Պորոշենկոյի բլոկը» ներկայացնող, պատգամավոր Իգոր Կոնոնենկոն։ Սաակաշվիլին էլ կարող է նշանակվել բարեփոխումների գծով փոխվարչապետ։

Աղբյուրը հայտնել է, որ սկզբունքորեն բոլորը շահագրգռված են, որպեսզի Սաակաշվիլին ընդգրկվի Ուկրաինայի կառավարությունում՝ նրա մեջ տեսնելով լավ քաղտեխնոլոգի։ Ակնկալվում է, որ այդ պաշտոնում Սաակաշվիլիի նշանակումը զարկ կտա Ուկրաինայում բարեփոխումների անցկացմանը։