45-ամյա տղամարդը թքել է իր հետ բնակվող կնոջ վրա, սպառնացել վնասել նրան ու վերջինիս անչափահաս որդուն


16:46 , 8 սեպտեմբեր, 2015
Pastinfo.am-ը գրում է.
Երևանցի 45-ամյա տղամարդը պարբերաբար ծեծել, հոգեկան տառապանքներ է պատճառել իր հետ բնակվող կնոջը՝ սպառնալով վնասել նրան ու վերջինիս անչափահաս որդուն:
 
Ըստ մեղադրանքի՝ Վազգենը 2015 թվականի ապրիլի սկզբից գրեթե ամեն օր ծեծի է ենթարկել իր հետ համատեղ բնակվող կնոջը, հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորյալ կերպով պատճառելով ուժեղ ցավեր, մարմնական և հոգեկան տառապանքներ:
 
Բացի այդ, Վազգենը ժամանակ առ ժամանակ սպառնացել է, որ կվնասի, նվաստացրել, թքել է նրա վրա, տանը եղած տարբեր իրերով հարվածներ հասցրել, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել կնոջ և նրա անչափահաս որդու հասցեին:
 
Վազգենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: