Սենսացիոն գաղտնազերծում. ռոքի արքա էլվիսը երազում էր ՀԴԲ գործակալի կարիերայի մասին ու «գործ էր տալիս» Բիթլզի վրա (Photo)


15:51 , 8 սեպտեմբեր, 2015

Ричард Никсон и Элвис Пресли

Ինչպես հետևում է ՀԴԲ-ի գաղտնազերծած փաստաթղթերից՝ ռոքի արքան հիանում էր գործակալի աշխատանքով ու ցանկանում էր լինել բյուրոյի ինֆորմատոր: Այս հարցի շուրջ խոսելու նպատակով նա անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, ում հետ զրույցի ժամանակ նույնիսկ պահանջել էր արտաքսել ԱՄՆ-ից Ջոն Լենոնին:

Ամերիկյան գաղտնի ծառայություններն, ի տարբերություն իրենց ռուսական կոլեգաների, դեմոկրատական ու պրոգրեսիվ գործելաոճ ունեն ու հրապարակում են իրենց գաղտնազերծած փաստաթղթերը համացանցում, որտեղ ցանկացած մարդ կարող է տեսնել, օրինակ, Չառլի Չապլինի, Մերիլին Մոնրոյի, Կլարկ Գեյբլի, Ուոլտ Դիսնեյի, Ֆրենկ Սինատրայի և այլ մեծանուն կերպարների անձնական գործերը:

Մշակույթին ակտիվ կերպով հետևելու ու հարկ եղած դեպքում ուղղորդելու պրակտիկան ամենասկզբում սկսեց իրականացնել ՀԴԲ-ի առաջին ղեկավար Էդգար Հուվերը: Նա ուշադիր նայում էր բոլոր այն ֆիլմերը, որտեղ արծարծվում էր իր ղեկավարած գործակալության անունը, ու անձամբ էր ներկա գտնվում ՀԴԲ-ի մասին պատմող ֆիլմերի նկարահանման հրապարակներում: Ոչ առանց նրա ձեռնարկվեց նաև «կոմունիստ» Չառլի Չապլինի հալածանքը, ով չէր համաձայնվել համագործակցել Հուվերի հետ: Արդյունքում, Չառլի Չապլինի դեմ իսկական քարոզչական արշավ սկսվեց:

Ու Չապլինը միակը չէր, ում սոցիալիստական սպառնալիքի ֆոնին ստիպում էին համագործակցել հատուկ ծառայությունների հետ: Դրանից չէին խուսափում նույնիսկ այնպիսի ծայրահեղ աջ հայացքների տեղ գործիչներ, ինչպիսին Էլվիս Փրեսլին էր, ով բազմաթիվ բարեգործական համերգներ ու նվիրատվություններ էր անում ոստիկանության ու բանակի համար:

Այսքանով հանդերձ՝ ՀԴԲ-ն մեծ դոսյե ունի Էլվիսի վրա, որը, նույնիսկ մասնակիորեն հրապարակած լինելով, պարզ է դարձնում, որ ռոքի արքան ուսումնասիրել է կոմունիստական քարոզչությունն ու հատուկ ծառայությունների աշխատանքը և ցանկացել է լինել ԱՄՆ-ի փոփ մշակույթի գաղտնի ինկվիզիտորն ու «դոնոսներ» գրել իր ազատամիտ կոլեգաների վրա:

Ամեն ինչ սկսվեց, երբբ Էլվիսը միևնույն ինքնաթիռով թռչում էր Կալիֆորնիայի սենատոր Ջորջ Մերֆիի հետ: Նրանք զրույցի բռնվեցին ու երկար քննարկում էին երկրի խնդիրները, իսկ խնդիրները շատ էին: 60-ականների վերջն ու 70-ականների սկիզբն անհանգիստ ժամանակներ էին, ու դա չէր կարող չանհանգստացնել ամերիկյան հատուկ ծառայություններին, քաղաքական գործիչներին ու հայրենասեր քաղաքացիներին:

Փրեսլիին անհանգստացնում էր ԱՄՆ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ու լսելով նրա անհանգստությունները՝ սենատորը խորհուրդ տվեց նրան դիմել անմիջապես նախագահին: Երգիչը հենց ինքնաթիռում նամակ գրեց Նիքսոնին, որտեղ հանդիպում խնդրելուց զատ հակիրճ ներկայացրեց իր ինքնակենսագրությունը և անձամբ մեկնեց Վաշինգթոն՝ հանձնելու այդ նամակը:

Երգչի ու նախագահի հանդիպումը կայացավ 1970 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հանդիպումից մի քանի սքանչելի լուսանկարներ են պահպանվել, թեև դրա մանրամասները հայտնի չդարձան մամուլին: Հաղորդվում էր միայն, որ երգիչն աջակցում է Նիքսոնի քաղաքականությանը:

Այսօր նամակի ֆոտոպատճենն արդեն հասանելի է բոլորին, ու կարելի է ընթերցել Նիքսոնի ու Փրեսլիի հանդիպման վերաբերյալ զեկույցը և եզրակացություններ անել: Էլվիսը մասնավորապես կոչ էր անում օգտագործել իրեն ընդդեմ հայրենիքի թշնամիների, ովքեր չեն կասկածում, որ ինքը կարող է կապ ունենալ իշխանությունների հետ, ու նա վստահ էր, որ ինքը կարող է գործել՝ գտնվելով նրանց շրջապատում: Ահա մի քանի հատված Էլվիսի նամակից.

«Հարգելի՛ պարոն նապագահ: Նախ՝ ես ցանկանում եմ ներկայանալ: Իմ անունն է Էլվիս Փրեսլի, ես հիանում եմ Ձեզանով ու հսկայական հարգանք եմ տածում Ձեր աշխատակազմի հանդեպ: Երեք շաբաթ առաջ ես զրուցում էր փոխնախագահ Էգնյուի հետ ու հայտնել եմ նրան իմ մտահոգությունների մասին մեր երկրի ճակատագրի վերաբերյալ: Թմրանյութային մշակույթի ներկայացուցիչները, հիպիները, SDS-ը, «Սև պանտերաները» և այլք չեն համարում ինձ թշնամի կամ, ինչպես իրենք են արտահայտվում՝ իսթեբլիշմենթի մարդ: Իսկ ես այդ ամենն անվանում եմ Ամերիկա ու սիրում եմ իմ երկիրը: Սըր, ես սիրով պատրաստ եմ առաջարկել իմ ծառայությունները, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ դուրս գալու այս իրավիճակից: Ինձ պետք չեն տիտղոսներ, կոչումներ կամ էլ նշանակումներ բարձր պաշտոններին: Ես շատ օգուտ կարող էի բերել, եթե պարզապես դաշնային գործակալ լինեի: Ես աշխատել եմ իմ աղբյուրներով, քանի որ ես բազմաթիվ ծանոթություններ ունեմ բոլոր տարիքային ու սոցիալական շերտերի ներկայացուցիչների թվում: Իհարկե, առաջին հերթին ես արտիստ եմ ու կմնամ այդպիսին, բայց միակ բանը, որն ինձ պետք է, դաշնային լիազորություններն են:

[…]

Ես կմնամ այստեղ (ի նկատի ունի վաշինգթոնյան հյուրանոցը) այնքան ժամանակ, որքան հարկ լինի՝ դաշնային գործակալի լիազորություններ ստանալու համար: Ես խորապես ուսումնասիրել եմ թմրամոլության խնդիրը, ինչպես նաև կոմունիստների կողմից կիրառվող ուղեղների լվացման մեթոդները և ուրախությամբ պատրաստ եմ առաջարկել օգնությունս՝ միայն թե խիստ գաղտնիության պայմանով»:

Նախագահը հյուրընկալում է արքային

Դատելով Սպիտակ տան փաստաթղթերից՝ Էլվիսին ցանկանում էին օգտագործել, բայց ոչ այնպես, ինչպես նա էր պատկերացնում: Նրան ցանկանում էին առաջարկել ոչ առևտրային «The Advertising Council» կազմակերպության խորհրդական դառնալ, ով պետք է զբաղվեր սոցիալական գովազդով, հեռուստատեսությամբ հանդես գար հակաթմրանյութային քարոզչությամբ և վերջապես թմրանյութերի դեմ պայքարին նվիված ալբոմ թողարկեր, որի շուրջ հնարավոր կլիներ առողջ ապրելակերպ քարոզող երաժիշտների շարժում հավաքել:

Այցելություն Մինոտավրոսին

1970 թվականի դեկտեմբերի 31-ին Փրեսլին այցելեց ՀԴԲ-ի կենտրոնական գրասենյակ: Ու թեև բյուրոյի ղեկավարը քաղաքում չէր, Էլվիսը հիացած էր այդ էքսկուրսիայից: Իր՝ Փրեսլիի խոստովանությունների համաձայն՝ ինքը հանդիսանում էր Էդգար Հուվերի մեծ երկրապագու և համարում էր նրան մեծագույն ամերիկացի:

Ու թեև Էլվիսի երկրպագուները պնդում են, որ Բիթլզի մասին Էլվիսն ասել է զուտ նրա համար, որպեսզի իր կրծքանշանների կոլեկցիային ավելացնի թմրադեղերի դեմ պայքարող գործակալի նշանը, որը նրան տվել էր Նիքսոնը, այս էքսկուրսիայի ժամանակ, երբ նա վաղուց արդեն ուներ այդ կրծքանշանը, նա կրկին անդրադարձել էր Բիթլզի թեմային. «Բիթլզը հիմք դրեց ԱՄՆ-ի երիտասարդության, հասարակության ու պետության մեջ խնդիրներ առաջացնելու հարցում: 60-ականներին նրանք իրենց երաժշտությամբ ու անխնամ տեսքով այլասերեցին ամերիկյան երիտասարդությունը»: Բացի Բիթլզից, Էլվիսը քննադատությունների տարափ էր տեղացել ամերիկյան շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հասցեին, ովքեր, ըստ Փրեսլիի, դեռ Վերջին դատաստանի օրը պետք է պատասխանն տան իրենց հրապարակային պացիֆիստական ելույթների ու ԱՄՆ-ի իշխանությունների քննադատության համար:

Ու թեև Հուվերի ու Էլվիսի հանդիպումն այդպես էլ չկայացավ, ՀԴԲ-ի ղեկավարը շնորհակալական երկտող հղեց Էլվիսին, որում գովում էր նրա հայրենասիրությունն ու իր երախտագիտությունն էր հայտնում, սակայն նա այդպես էլ չցանկացավ հանդիպել էքսցենտրիկ աստղի հետ ու այդպես էլ չօգտվեց նրա՝ տրոյական ձի դառնալու առաջարկից, համենայն դեպս, պաշտոնապես ոչ մի փաստ չկա դրա մասին: Դա կարելի է բացատրել նաև նրանով, որ դատելով նույն Ջոն Լենոնի անձնական գործի թղթապանակից՝ Հուվերն առանց էլվիսի էլ ամեն ինչ գիտեր Լենոնի մասին, ընդհուպ մինչև այն, թե ինչ խոտեր է նա ծխում և ումից է դրանք գնում: Նմանօրինակ տեղեկություններ ՀԴԲ-ն ուներ նաև Փրեսլիի ու հարյուրավոր այլ աստղերի վերաբերյալ:

Մյուս կողմից, Փրեսլիի ընկեր հայտնի երգիչ Թոմ Ջոնսը հիշում է, որ Փրեսլին ամեն անգամ կատաղում էր՝ լսելով Լենոնի անունը, քանի որ ատում էր վերջինիս՝ իր պացիֆիստական հայացքների համար և անգամ ասել է մի անգամ, որ ինքը Հուվերին վաղուց էր ասում, որ Լենոնին պետք է դուրս շպրտել ԱՄՆ-ից, ինչը վկայում է այն մասին, որ անձնական հանդիպումներ, այնուամենայնիվ, եղել են:

ՊԱԿ-ն ու ՀԴԲ-ն գիտեն ամեն ինչ

Խորհրդային հատուկ ծառայությունները լավատեղյակ էին Էլվիսի այս նախասիրությունից: Արդեն 1979 թվականին «Ровесник» պարբերականում մերկացնող հրապարակում էր տեղ գտել՝ «Ի՞նչ էր երգում «գնդապետ Բերրոուզը»» վերտառությամբ, որտեղ խորհրդային երիտասարդ մելոմաններին պատմում էին, թե ինչպես է Էլվիսը համագործակցում ՀԴԲ-ի հետ:

Հետաքրքրական է, որ ՀԴԲ-ի զեկույցներում Էլվիսի կյանքի վերջին ամիսներին նրան հետևող գործակալը ֆիքսելիս է եղել, թե ինչպես է նա թմրանյութեր ձեռք բերել, չարաշահել դրանց դոզաները և անհանգստացել մահացու դոզա օգտագործելու հավանականությունից: Սակայն այսքանով հանդերձ ու չնայած Էլվիսի անսահման սիրուն առ հատուկ ծառայություններ՝ դրանք անտարբեր գտնվեցին նրա կախվածության նկատմամբ, թեև անկասկած կարող էին երկարաձգել նրա կյանքը: Փրեսլին մահացավ զուգարանում 1977 թվականի օգոստոսի 16-ին: Նա հանգստացնող դեղամիջոցի մահացու դոզա էր ընդունել: