Թուրքիայի իշխանությունը քրդերի հետ բախումներով մեսիջ է ուղարկում ընտրազանգվածին. թուրքագետ


13:10 , 8 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ Թուրքիայում տիրող իրավիճակին` թուրք-քրդական բախումներին, որոնք ըստ նրա, արդեն շուրջ 2 ամիս շարունակվում են և առաջացել են Թուրքիայում խորհրդարանական և հետխորհրդարանական ընտրություններից առաջ և հետո:

«Բարդ իրավիճակ է Թուրքիայում, հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում Քրդստանի բանվորական կուսակցության ակտիվ գործունեությունը խնդիրներ է առաջացնում Թուրքիայում՝ ազդեցություն ունենալով տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա»,-ասաց նա:

Թուրքագետը նշեց, որ ընտրություններից հետո Էրդողանի կողմից ղեկավարվող «Արդարություն և զարգացում» կուսակցության ձախողումն էլ հանգեց նման իրավիճակին: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 80 մանդատ ապահովեց Մեջլիսում, իսկ իշխող ուժը մեծամասնություն չկարողանալով ապահովել՝ նոյեմբերին արտահերթ ընտրությունների մասին հայտարարեց, որն էլ հանգեցրեց քրդական բանվորական կուսակցության՝ 2,5 տարի տևած զինադադարից հետո լայն թափով ռազմական գործողությունների:

«Արտահերթ ընտրություններ են սպասվում նոյեմբերի 1-ին, և արդյո՞ք նույն արդյունքը քրդական՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կապահովի՝ դժվար է ասել: Իշխող ուժի գերնպատակը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության չեզոքացումն է»,-ասաց նա:

Լևոն Հովսեփյանի խոսքով՝ նման կոնֆլիկտային վիճակով Էրդողանը մեսիջ է ուղարկում, ընտրազանգվածին՝ ընտրություն կատարեք կայունության և անկայունության միջև:  Մյուս կողմից էլ Քրդստանի ակտիվացումը բերում է խաղալ թուրքական հասարակության ազգայնական ընկալումների վրա և առաջին հարվածը ուղղում է նաև ազգայնական շարժման վրա:

Թուրքագետը նշեց, որ հնարավոր է, որ Էրդողանը կարող է ուղղակի գնալ ընտրությունները մեկ տարով երկարաձգելուն՝ պատճառաբանելով երկրում ռազմական դրությունը, որն իր ազդեցությունը կունեն նախընտրական արդյունքների վրա:

«էրդողանի միակ նպատակը այս ընտրություններին գոնե չձախողելն է և, ըստ այդմ, էլ կարող է գնալ ինչ-որ միջոցների, ամեն կերպ ընտրություններին ապահովելու իր ուժի հաղթանակը: Կարող է ամեն քայլի գնալ՝ հաշվի չառնելով իմիջի խնդիրը միջազգային հանրության առաջ, որն էլ կարող է լուրջ գործընթացների տանել: Հունիսի 7-ի նման այս ընտրությունները չեն լինի»,- ասաց նա: