21:27 , 7 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գոտում ստեղծված լարվածությունը նպատակ է հետապնդում Հայաստանին ստիպել միակողմանի զիջումների գնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում նաև միջազգային կառույցներին: «Եթե ադրբեջանական կողմի նման արտառոց գործողությունները չկանխվեն, պատերազմի վերսկսման հնարավորությունը մեծանում է»,- ասաց նա։
– Ո՞րն է պատճառը, որ ակտիվացել է սահմանային լարվածությունը:
– Վերջին տարիներին ադրբեջանական կողմը համակարգված կերպով լարվածություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին: Շփման գծում ռազմական ճնշման միջոցով Ադրբեջանը նպատակ է հետապնդում բանակցությունների սեղանի շուրջ պահանջել հայկական կողմին՝ գնալ միակողմանի զիջումների: Միաժամանակ, ռազմական շանտաժի են ենթարկվում նաև միջազգային ուժի կենտրոնները, որոնք տարբեր պատճառներով հետաքրքրված են Հարավային Կովկասի կայունության պահպանմամբ: Պաշտոնական Բաքվի գործող քաղաքականությունը չի կարող տալ ցանկալի արդյունք: Ադրբեջանին չի հաջողվի նախապայմաններ թելադրել Երևանին և Ստեփանակերտին:
Ադրբեջանական զինված ուժերի ակտիվության մակարդակը, որպես կանոն, նվազում է, երբ Ադրբեջանի իշխանություններին հարկավոր է հանգիստ մթնոլորտ՝ այս կամ այն միջոցառումն անցկացնելու համար, ինչպիսիք են օրինակ Եվրոպական խաղերը կամ ընտրությունները:
Հարևան պետության ներկա կեցվածքը նորություն չէ: Փոխվել է միայն հրադադարի խախտման ռեժիմն ու նոր տեսակի զինամթերքի կիրառումը: «Դիպուկահարների պատերազմ»-ին ավելացել է «դիվերսանտների պատերազմ»-ը, և հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ ադրբեջանական կողմը սկսել է օգտագործել հաստոցավոր նռնականետներ, ականանետներ և հրթիռահրետանային սպառազինություն. Եթե բոլոր շահագրգիռ կողմերը լարվածության թուլացման հարցում չնախաձեռնեն անհրաժեշտ քայլերը, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
– Ադրբեջանի ակտիվացումը հաջորդեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱԳ նախարարը խոստումներ է տվել Իլհամ Ալիևին Ղարաբաղի հարցում, որպեսզի Ադրբեջանին պահեն իրենց ազդեցության տակ:
– Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտում է պարբերաբար, նույնիսկ այն ժամանակ, երբ տարածաշրջան են այցելում բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, պետության ղեկավարներ:
– Հնարավո՞ր է, որ Սերգեյ Լավրովն իսկապես խոստումներ է տվել Բաքվում: Ինչն է այդ նրա վստահության պատճառը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս կա:
– Պաշտոնական հրապարակային աղբյուրները չեն հայտնում այն մասին, որ Մոսկվան հակամարտությունը կկարգավորի հօգուտ իրեն: Պետք է նշեմ, որ Ռուսաստանն օժտված չէ արբիտրաժային գործառույթներով և հանդես է գալիս որպես ղարաբաղա-ադրբեջանական միջպետական հակամարտության կարգավորման միջնորդ երկրներից մեկը: Այդ իսկ պատճառով ՌԴ-ը չի կարող լուծել հարցը այս կամ այն պետության օգտին: ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները այցի շրջանակներում բնական են, որովհետև Ռուսաստանը որպես միջնորդ կողմ, որպես տարածաշրջանային հարևան պետություն, Ադրբեջանի ռազմավարական գործընկեր և Հայաստանի անվտանգության երաշխավոր պետք է հետաքրքրված լինի հակամարտության խաղաղ կարգավորմամբ
– Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կամ միջազգային այլ կառույցներին:
– Չեմ կարծում, որ եթե Հայաստանը դիմի ՄԱԿ կամ միջազգային այլ կառույցներին Ադրբեջանի իշխանությունների պրովոկացիոն գործողությունները կդադարեցվեն: Սակայն, պետք է մշտապես տեղյակ պահել այս կառույցներին՝ Ադրբեջանի կողմից կատարվող հրադադարի խախտումների մասին: Եթե Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանրայնացվեն և ճանաչվեն՝ միջազգային անվտանգության կառույցների կողմից, դա հայկական կողմին լրացուցիչ հնարավորություն կտա զսպելու ադրբեջանական ագրեսիան:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հրապարակել էր Ադրբեջանի կողմից կիրառված 122 մմ տրամաչափի արկի լուսանկարը և հայտարարել, որ «նման լարումն անթույլատրելի է»: Եթե հերթը նման զենքի կիրառմանն է հասել, պատերազմի վերսկսումն ավելի հավանակա՞ն է դարձել:
Ես նախորդ հարցում մասամբ պատասխանեցի Ձեր հարցին: Կարևոր է անել հնարավորը, որպեսզի հրադադարի խախտումը, այն էլ՝ հրետանու կիրառմամբ, չդառնա նորմ: Եթե ադրբեջանական կողմի նման արտառոց գործողությունները չկանխվեն, պատերազմի վերսկսման հնարավորությունը մեծանում է: