17:20 , 7 սեպտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Հայաստան-Բելգիա բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը և երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանը: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ այսօր Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամներին ընդունելու ժամանակ:
Աժ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անդրադառնալով այն փաստին, որ պատվիրակության այցն իրականանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2015 թ. ապրիլի 24-ին համայն առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է շարունակել պայքարը պատմական ճշմարտության վերականգնման համար, հասնել նրան, որ բոլոր երկրները ճանաչեն և դատապարտեն ցեղասպանությունը, որպեսզի այն երբևէ չկրկնվի:
Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից այս տարվա հուլիսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությանբ, որով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է պատվիրակության անդամների գործադրած ջանքերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում:
Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Արցախ՝ Գալուստ Սահակյանը կարևորել է նման այցերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանի իրազեկման, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից: ԱԺ նախագահի խոսքով՝ այդպիսի այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը և լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ