Անջեյ Կասպշիկը կմեկնի Բաքու՝ քննարկելու սահմանային վերջին լարվածությունը


16:06 , 7 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն անհանգստացած է վերջին օրերին հրադադարի խախտումների աճող դեպքերով և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին զոհերի թվի աճով։

Այդ մասին ԱՊԱ գործակալությանն ասել են ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակից։

Գրասենյակում հայտարարել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն այս շաբաթ մեկնելու է Ադրբեջան։

«Անջեյ Կասպշիկը պարբերաբար այցեր է կատարում տարածաշրջան։ Ադրբեջան այցի ընթացքում, որը կիրականացնի այս շաբաթ, հանդիպումներ կունենա Բաքվում։ Բացի այդ, Կասպշիկը պարբերաբար այցելում է առաջնագիծ՝ մշտադիտարկում իրականացնելու համար։ Նա անհանգստացած է հրադադարի խախտման հաճախակի դարձած դեպքերից և կորուստների աճից»,-ասել են գրասենյակից։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Կասպշիկը մշտադիտարկման է մասնակցել սեպտեմբերի 4-ին, իսկ սեպտեմբերի 5-ին եղել է Երևանում, որտեղ հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։