Ի՞նչ են անում ԵՄ երկրները փախստականներին օգնելու համար


13:54 , 7 սեպտեմբեր, 2015

Ի՞նչ են անում ԵՄ երկրները փախստականներին օգնելու համարPanorama.am-ը գրում է.

Միգրանտների զանգվածային ներհոսքը դեպի Եվրոպա հանգեցրել է ամենամեծ միգրացիոն ճգնաժամի, որ տեսել էր Եվրոպան 1945թ-ից ի վեր։ Այս ճգնաժամն անգամ կասկածներ է առաջացնում բաց սահմանների վերաբերյալ և լարվածություն՝ ԵՄ երկրների միջև, ովքեր ստիպված են կիսել միգրացիոն բեռը։

Միջերկրական ծովով կամ արևմտյան Բալկաններով դեպի Եվրոպա եկող և այստեղ ավելի լավ կյանքի հույս ունեցող միգրանտների մեծ մասը սիրիացիներ են, ովքեր փախչում են քաղաքացիական պատերազմից, սակայն մեծ է նաև միգրանտների թիվը Էրիտրեայից, Աֆղանստանից, Իրաքից, ինչպես նաև Կոսովոյից և Նիգերիայից։

ՄԱԿ-ի տվյալներով, տարվա սկզբից Եվրամիության սահմանները հատել են ավելի քան 366,402 փախստականներ։ Միայն նախորդ ամիս Եվրոպա են հասել 107,5 հազար անօրինական ներգաղթյալներ։ Եվրամիության երկրների մոտեցումները միգրանտների ապաստանի հարցում բավական տարբեր են։ 

Ավստրիան, ով արդեն ընդունել է ավելի քան 12,000 փախստականներ, ասում է, որ այսպես շարունակվել այլևս չի կարող։ Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն ասում է, որ Ավստրիան ցանկանում է տեսնել փախստականների թվի աստիճանական նվազում։ 

«Մենք մշտապես ասել ենք, որ սա արտակարգ իրավիճակ է, որը մենք պետք է կարգավորենք արագ և մարդասիրաբար։ Մենք օգնել ենք ավելի քան 12,000 մարդու սուր իրավիճակում, սակայն մենք պետք է քայլ առ քայլ հետ գնանք արտակարգ իրավիճակից դեպի նորմալ վիճակի, որը մարդկային է և համապատասխանում է օրենքներին»,-ասել է Ավստրիայի կանցլերը։

Հունգարիայի հետ Ավստրիայի սահմանը շարունակում է բաց մնալ պոտենցիալ փախստականների համար։ Չնայած Ավստրիայի կառավարության ցանկությանը՝ սահմանափակել միգրանտների հոսքը՝ ավստրիացիների կողմից միգրանտները մեծ աջակցություն են ստանում։ Քաղաքացիներն անգամ ուտելիք և ջուր էին բերել Վիեննայի երկաթուղային կայարան՝ ողջունելու բազմաթիվ միգրանտների։ 

Ավստրիա ժամանակ միգրանտների մեծ մասը, սակայն, մտադիր է շարունակել դեպի Եվրոպա իրենց ճանապարհը։ Ինչպես հայտնել էր Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը, շաբաթավերջին Վիեննա ժամանած հազարավոր փախստականներից միայն տասնյակներն են դիմել ապաստանի հայցով։

Գերմանիան ամենագրավիչ երկիրն է միգրանտների համար 
Միգրանտների համար ամենագրավիչ երկիրը Եվրոպայում Գերմանիան է՝ իր առողջ տնտեսությամբ, ուժեղ ժողովրդավարությամբ և փախստականներին ընդունելու երկար պատմությամբ։ Սակայն Գերմանիան ևս չի կարող ընդունել փախստականներին այս տեմպերով։ 

Գերմանիայն կոչ է անում Եվրամիության բոլոր երկրներին՝ աշխատել միասին և կիսել պատասխանատվությունը. «Միայն այս դեպքում Գերմանիան կշարունակի օգնել մեծ թվով ապաստան հայցողների»։

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շաբաթ օրը եվրոպացի գործընկերներին ասել է, որ Իրաքից, Սիրիայից և Աֆղանստանից փախստականների ընդունումը առաջիկա օրերին չպետք է դառնա պրակտիկա։

Գերմանիայի կառավարությունն ասել է, որ կընդունի փախստականների 800 հազար ապաստանի հայցադիմումներ։ Կատարված հարցման արդյունքները փաստում են, որ գերմանացիների 88 տոկոսը պատրաստ է հագուստ կամ գումար նվիրաբերել փախստականերին, 67 տոկոսը պատրաստ է կամավոր օգնել նրանց։

Կիրակի օրը Մյունխեն են ժամանել 5000 միգրանտներ, շաբաթ օրը հարավային Գերմանիա են ժամանել մոտ 8000 միգրանտներ։ Այսօր սպասվում է, որ Գերմանիա կժամանեն ևս 11,000 միգրանտներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ