12:40 , 7 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դադարեցրել է իր այցը երկրի տարբեր շրջաններ և երկրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել՝ պայմանավորված Թուրքիայի հարավ-արևելքում իրավիճակի սրմամբ, հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։
Ավելի վաղ քուրդ զինյալները տեղեկություն էին տարածել այն մասին, թե իրենք թուրքական զինուժին պատկանող ավտոշարասյուն են պայթեցրել։ Տարբեր տվյալներով՝ ավտոշարասյան կազմում եղել է մինչև 37 մարդ։
Թուրքական աղբյուրները հաղորդում են 16 զոհի մասին։
Ներկայում Թուրքիայի օդուժը հատուկ գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ։ Օդ բարձրացած F-16 և F-4 կործանիչները հարվածներ են հասցնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ուժերին։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Հաքքարի նահանգում գտնվող 13 կետերում օդային գործողություն է իրականացվել։ Հաղորդվում է բազմաթիվ զոհերի մասին։
Թուրքիայում իրադրությունը կտրուկ վատացել էր հուլիսի 20-ին Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից և հարավ-արևելյան նահանգներում ոստիկանների սպանություններից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել էր PKK-ն։
Դրանից հետո Թուրքիայի զորքերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում քրդական ուժերի դիրքերին։