Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար վերելակը պոկվել է և 80 մետրից ընկել անդունդը


12:10 , 7 սեպտեմբեր, 2015

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցից 2 միջին տարիքի տղամարդ մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները նշված փողոցում շենքի կառուցման ժամանակ բեռնատար վերելակի խափանման և շուռ գալու հետևանքով մոտ 80 մետր գլորվելով ընկել են անդունդը:

Վիրավորներից մեկին նշված հատվածից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին՝ փրկարարները: Բավականին օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի մասին տեղեկացվել է արդեն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: