Պատերազմի հոտ դեռ չի գալիս. ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր


21:39 , 5 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորը վստահ է, որ սահմանային լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում: Tert.am-ի հետ զրույցում Նելսոն Մինասյանն ասաց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը չի կապում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած աշխատանքային այցի հետ, որից հետո սկսվեցին կրակոցները, կիրառվեց 122 մմ տրամաչափի արկ: ‹‹Ռուսաստանը հո Ադրբեջան չի՞, հո թշնամի չի՞››,- ասաց ԼՂ պատգամավորը:

- Ինչո՞վ է պայմանավորված սահմանային ակտիվացումը:

- Ադրբեջանի ակտիվացումը մշտապես պայմանավորված է եղել որոշակի տոներով կամ իրադարձություններով, որովհետև իրենք առիթ են փնտրում հակամարտության լարումն ավելացնելու համար: Ամեն առիթով կռվի են ձգտում, ուզում են մեզ ներգրավել մեծ կռվի մեջ: Ամեն օր կրակում են, մենք էլ պատասխանում ենք: Տեսնենք՝ ինչքան կտևի: Խուճապի մատնվել պետք չէ, մենք սովոր ենք, Ղարաբաղի սահմաններում ամեն օր նույն բանն է:

- Շատերը ադրբեջանական կողմի ակտիվացումը կապում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած աշխատանքային այցի հետ, որի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի:

- Չէ, դա ոչ մի կապ չունի: Ռուսաստանը հո Ադրբեջան չի, հո թշնամի չի:

Նկատի է առնվում այն, որ Ռուսաստանը ստվերային միջամտություն, աջակցություն ունի:

- Ռուսաստանը որևէ միջամտություն սահմանային լարվածության վերսկսման մեջ չունի: ՌԴ-ն կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորման, ոչ թե լարվածության աճի մեծացման: Ադրբեջանը պարզապես մեզ պատերազմի մեջ ներքաշել է փորձում: Ալիևը (Ադրբեջանի նախագահ,- Tert.am) խոստացել է, որ տարածքները վերցնելու են, բայց քանի տարի է ոչինչ էլ հետ չեն վերցնում: Որպեսզի ժողովրդի աչքում խաբեբա դուրս չգա, Ալիևը իմիտացիա է ստեղծում, որ փորձում են վերցնել, ասում է՝ տեսնում եք, ուզում եմ, բայց չի ստացվում, դրա արդյունքում էլ սահմանին կրակոցներ են հնչում:

- Տեսակետներ կան, որ Լավրովը Բաքվին Ղարաբաղն է խոստացել և դրա հաշվին է պատկերացնում հակամարտության կարգավորման առաջընթացը:

- Տենց բան չկա, դրանք սուտ բաներ են: Լավրովը կողմնակից չէ, որ Ղարաբաղը տան Ադրբեջանին: Եթե Ռուսաստանը նման դիրքորոշում ունենար, վաղուց կտային, հարցը կփակվեր:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառված 122 մմ տրամաչափի արկի լուսանկարը և հայտարարել, որ «նման լարումն անթույլատրելի է»›: Եթե հերթը նման զենքի կիրառմանն է հասել, պատերազմի վերսկսումն ավելի հավանակա՞ն է դարձել:

- Պատերազմը ո՛չ մեզ է ձեռնտու, ո՛չ Ադրբեջանին: Բայց հնարավոր է, որ մի ժամից էլ պատերազմ սկսվի, կամ ընդհանրապես չսկսվի: Դա ‹‹մեծերից›› է կախված՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից… Եթե Թուրքիան հրամայի Ադրբեջանին հարձակվել, ապա կհարձակվեն: Եթե Ամերիկան կողմերից մեկին ասի՝ պետք է պատերազմ, ուրեմն սկսվելու է: Բայց դեռ պատերազմի հոտ չի գալիս: Ընդամենը լարում է, կրակում են, մենք կրակում ենք, մենք ենք զոհ տալիս, իրենք են զոհ տալիս:

- Այս փուլում «մեծերին» պատերազմը ձեռնտու չէ՞:

- Ադրբեջանը միայնակ չի կարող պատերազմել: Բաքուն բավարար ո՛չ մարդկային, ո՛չ էլ այլևս ֆինանսական ռեսուրներ չունի: Եթե Ադրբեջանին օգնող չլինի, ո՞նց պետք է պատերազմեն, չեն պատերազմի: Բայց եթե, օրինակ, Թուրքիան աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով որոշի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը, կստիպի Ադրբեջանին ու դրա համար նաև կօգնի, որ պատերազմ սկսեն, հարձակվեն: Բայց ես կուզեմ, որ տարածաշրջանում խաղաղ լինի, որովհետև մենակ մենք ենք մնացել էս մուսուլմանական քարտեզի արանքում: