Պետությունը պետք է աջակցի սահմանամերձ բնակչությանը


21:00 , 5 սեպտեմբեր, 2015

Սահմանային լարվածության մեջ գտնվող պետությունը պետք է կանգնած լինի թշնամու թիրախում գտնվող սահմանամերձ գյուղերի բնակչության կողքին: Չնայած նրան, որ սահմանային լարվածությունը վերջին քսան տարիներին սովորական երևույթ է դարձել, այնուամենայնիվ բնակչությունը ունի թե ֆինանսական և թե բարոյական աջակցության կարիք:

Հատկանշական է, որ վերջին օրերին տիրող սահմանային լարվածության պայմաններում բնակչությունը զգա, որ մենակ չէ: Պատահական չէ, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, որտեղ ծանոթացել է առկա իրավիճակին, իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին:

Հարկ է նշել նաև, որ գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը տարբեր սոցիալական և հարկային արտոնություններ սահմանելով սահմանամերձ համայնքների բնակիչների համար փորձում է հնարավորինս աջակցել նրանց և լուծում տալ նրանց սոցիալական խնդիրներին: 
Առկա խնդիրներից պետք է առանձնացնել Պառվաքարի որոշ հատվածներում առկա գազիֆիկացմանը, ճանապարհատվածի վերանորոգմանը, ոռոգման ջրի, մանկապարտեզի ներքին հարդարմանը, ուսանողների ուսման վարձերին վերաբերող խնդիրները: Իրավիճակին տեղում ծանոթանալուց, և տեղի բնակչության խնդիրները լսելուց հետո, վարչապետը խոստացել է դրանք քննարկել կառավարությունում և տալ համապատասխան լուծումներ: