Կանադան հերքում է ալյուրի հարստացումով պայմանավորված քաղցկեղով հիվանդացության աճը


19:26 , 5 սեպտեմբեր, 2015

alyurAraratnews.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի  հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող լայն քննարկումների ժամանակ, ցավոք, նախագիծն ավելի հաճախ  արժանանում է ոչ մասնագետների քննադատությանը։

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարությունը, առանձին անձինք և հասարակական կազմակերպություններ կասկածի տակ են վերցնում ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու արդյունավետությունը` հիմնավորելով, որ այն մի շարք երկրներում հանգեցրել է քաղցկեղով հիվանդացության աճի: Այդ երկրների թվում բերվում է նաև Կանադայի օրինակը:

Բնականաբար, զանգվածային լրատվամիջոցներով հնչող նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական կարծիքի ձևավորման վրա։ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ` դիվանագիտական խողովակով, պաշտոնական հարցում է կատարել Կանադայի առողջապահության նախարարությանը հետևյալի վերաբերյալ.

Արդյո՞ք Կանադայում ալյուրի հարստացման համակարգը ներդնելուց հետո գրանցվել էքաղցկեղով հիվանդացության աճ:

Եթե այո, արդյո՞ք Կանադայի պաշտոնական տվյալներով հաստատվել է քաղցկեղովհիվանդացության աճի պատճառահետևանքային կապը ալյուրի հարստացման հետ:

Այդ առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունից ստացված պաշտոնական նամակում ասվում է` «Ի պատասխան Ձեր 12.08.2015թ. թիվ ԱՄ/10/9384-15 գրության տեղեկացնում ենք, որ, համաձայն Կանադայի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, Կանադան ալյուրը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու պրակտիկան ներդրել է 1998թ., ինչին անմիջապետ հաջորդել է նյարդային խողովակի արատների քանակի շուրջ 46% նվազում: Կանադայի քաղցկեղով հիվանդացության մակարդակի որևէ փոփոխություն ֆոլաթթվի ներդրումից հետո չի նկատվել: Շուրջ 50.000 անձանց շրջանում անցկացված փորձը ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև անմիջական կապ չի հաստատել»: