ANCA-ն Օբամային կոչ է անում հրաժարվել ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում կեղծ հավասարություն պահպանելու քաղաքականությունից


17:49 , 5 սեպտեմբեր, 2015

ANCA-ն Օբամային կոչ է անում հրաժարվել ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում կեղծ հավասարություն պահպանելու քաղաքականությունիցBarometer.am-ը գրում է.

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի հարցում կեղծ համահավասարություն պահպանելու ձախողված քաղաքականությունից։ "Օբամայի վարչակազմը Բաքվին կանաչ լույս է տալիս՝ Ադրբեջանի միակողմ ագրեսիային պատասխանելով միայն հրադադարը պահպանելու մասին կողմերին ուղղված ընդհանրացնող կոչերով",- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին քաղաքականությանը հետևող բոլոր անձանց համար՝ սկսած պաշտոնյաներից մինչև 9-րդ դասարանի աշակերտներ, պարզ է, որ հենց Իլհամ Ալիևն է առաջինը սկսում հարձակումները։ "Ձևացնել, թե դա այդպես չէ, մաքուր կեղծիք է, որը հղի է մահացու հետևանքներով",- նշում են հանձնախմբում։

Նրանց կարծիքով՝ Օբաման պետք է հրաժարվի խորապես անբարո և ակնհայտ ձախողված կեղծ ազնվության քաղաքականությունից և դրա փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկի պատերազմը կանխելու և արդար ու կայուն խաղաղության հիմք ստեղծելու համար։ Այդ հիմքերից մեկը միջազգային միջնորդների առաջարկներն են, որոնց համաձայնել են Հայաստանն ու Արցախը, բայց ոչ Ադրբեջանը։ Նման առաջարկ է օրինակ դիպուկահարներին հետ քաշելը, ԵԱՀԿ լրացուցիչ դիտարկումները, շփման գծում միջազգային հսկողության ենթակայությամբ հրաձգության տեղորոշիչների համակարգ տեղադրելը։