Իսրայելցի շինարարները հին հռոմեական սարկոֆագ են գողացել


18:36 , 4 սեպտեմբեր, 2015

DSC_5936Առանձնատների կառուցմանը ներգրավված իսրայելցի աշխատողներն Աշկելոնում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի սարկոֆագ են հայտնաբերել: Նրանք արժեքավոր գտածոն թաքցրել են իշխանություններից, ինչի համար ձերբակալվել են: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Իսրայելի հնությունների վարչության մամլո հաղորդագրությունը:

Մասնագետները սարկոֆագը հազվագյուտ են համարում դրա վրա փորագրված քանդակների համար: Դագաղի կափարիչի մի կողմում պատկերված է տունիկայով տղամարդ հռոմեական ոճի սանրվածքով: Նրա ակնախոռոչներում եղել են դեռևս հին ժամանակներում գողացված թանկարժեք քարեր: Մյուս կողմում քանդակագործը պատկերել է ծաղկաման և որթատունկ: Գերեզմանոցի պատերը զարդարված են ծաղկեպսակներով, ցուլերի գլուխների, կուպիդոնների քանդակներով, նաև Գորգոն Մեդուզայի գլխով, որն այդ ժամանակվա հավատալիքներում համարվել է մեռյալների պաշտպանը: Հնագետները կարծում են, որ գերեզմանում հարուստ ընտանիքի անդամ է թաղված եղել, որը, դատելով սարկոֆագի վրայի պատկերներից, հեռու է եղել հուդայականությունից:

Շինարարները սարկոֆագը գտել են դեռևս օգոստոսի վերջին: Նրանք այն հողից հանել են տրակտորով՝ վնասելով քանդակները: Հետո արտեֆակտը թաքցրել են տախտակների և մետաղական շերտերի կույտի տակ, իսկ շինհրապարակի այդ մասում բետոն են լցրել հետքերը թաքցնելու համար:

Սակայն աշխատողներից մեկը կատարվածի մասին հայտնել է Իսրայելի հնությունների վարչության աշխատակիցներին: Սեպտեմբերի 1-ի գիշերը պաշտոնյաները և ոստիկանները շինհրապարակը խուզարկել են և 5 աշխատողի ձերբակալել: Հարցաքննությունից հետո նրանք իշխանություններին ցույց են տվել հողից սարկոֆագը հանելու լուսանկարներն ու տեսագրությունը:

Իսրայելական օրենքներով՝ հնագիտական գտածոն թաքցնելու և հուշարձանը վնասելու համար մեղավորներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: