Գյուղապետի որդին հոր ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի ու հեռացել


10:12 , 4 սեպտեմբեր, 2015

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 տարեկան Տիգրան Հովհաննիսյանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի է դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ վրաերթը կատարվել է Վազ 2121 մակնիշի 130 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով: 

Պարզվել է նաև, որ նշված մեքենան հաշվառված է Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետարանի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետ Կարո Կարապետյանին: 

Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին Սուրենավան, ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայանում 18-ամյա Արտավազդ Կարապետյանը և խոստովանում, որ վրաերթը ինքն է կատարել: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: