22:42 , 3 սեպտեմբեր, 2015
Armenpress.am-ը գրում է.
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե երբ են սկսել կրակոցները և ինչ զինատեսակներ են գործածվում՝ Հովհաննիսյանը նշել է, որ մանրամասները դեռ ճշտվում են, և Պաշտպանության նախարարությունը սահմանում տիրող զարգացումներին համընթաց հայտարարություն կանի:
Արդեն մի քանի օր է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, սակայն, ինչպես հավաստիացնում են Պաշտպանության նախարարությունից, ռազմական լայնածավալ գործողությունների համար հստակ նախանշաններ չկան:
Սեպտեմբերի 2-ին հակառակորդը ժամեր շարունակ կրակահերթի տակ է պահել սահմանամերձ գյուղերը՝ կրակելով միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր և դիպուկահարներ: Երկու քաղաքացիական անձ վիրավորվել է։