Սարգիս Հովսեփյան. Ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրվածություն լինի Սերբիայի դեմ խաղում


21:46 , 3 սեպտեմբեր, 2015

Սարգիս Հովսեփյան. Ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի Սերբիայի դեմ խաղումArmsport.am-ը գրում է.

Այսօր, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը մամուլի ասուլիս տվեց Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում՝ խոսելով վաղը կայանալիք Սերբիա-Հայաստան «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հանդիպման մասին:

Սերբ լրագրողների համար ասուլիսը մեծ հետաքրքրություն չէր առաջացրել եւ խաղին հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներից քչերն էին եկել «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահ:
 
- Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ է կատարվում սերբական ֆուտբոլում, թե ինչ վիճակում է Սերբիայի հավաքականը:
 
- Իհարկե, տեղյակ ենք: Չնայած ամեն ինչին, Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը շատ բան փոխեց Սերբիայի համար: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ տեղյակ ենք, որ կան շատ լավ երիտասարդներ, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել հիմնական կազմի խաղացողների հետ:
 
-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ երկու հավաքականներ էլ շանսեր չունեն:
 
- Սերբիան ավելի վատ վիճակում է, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե ոչ մի շանս էլ չլինի, մենք միեւնույն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգեւենք նրանց:
 
- Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացնելու է պաշտոնական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղին կային կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէին: Արդյոք այժմ իրավիճակն այլ է, արդյո՞ք հավաքականի ճամբարում գտնվողները ֆունկցիոնալ լավ վիճակում են:
 
- Առաջին անգամ է, որ Բերեզովսկին արդեն ավարտել է կարիերան: Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:
 
- Դժվար է տրամարդել թիմին հաղթանակի, երբ շանսեր չկան…
 
- Ինչ-որ չափով դա դժվար է: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաներում, քանի որ կարող է ստանալ ընկերական խաղի տպավորություն: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք ներկայացնում:
 
- Նախորդ տարի Հայաստանը Սերբիայի հետ մրցել է Երեւանում: Մրցակցի կազմում այս մեկ տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ տեսնում եք, թե ոչ:
 
- Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ ենք, որ վնասվածքներ ունեցողներ ունեն: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ: Այնպես որ, փոփոխությունները քիչ չեն:
 
- Գեւորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ է միացել հավաքականին, քանի որ Պորոտւգալիայից Հայաստան հասնելը հեշտ խնդիր չէ: Արդյո՞ք նա հասցրել է վերականգնվել:
 
- Իհարկե, բավական հոգնեցուցիչ է, ինչ-որ չափով հասկանում ենք եւ փորձում ենք վերականգնել: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, եթե նա չի վերականգնվել, ապա նա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին: Դեռ չեմ կարող ասել: