16:30 , 3 սեպտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
2013-ի նոյեմբերից անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը պետք է տեղափոխվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ կկրի հետագա պատիժը` բաց ռեժիմով: «Քրեակատարողական հիմնարկների վարչության պետը հենց ստորագրի հրամանը, իրեն կտեղափոխեն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, կդիմենք, որ Պետրոսյանը պատիժը կրի քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ Վարդան Պետրոսյանն այսուհետ պատիժը կրելու է բաց ռեժիմով: Պետրոսյանը, ավելին, երեկ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ժամանակավոր կացարան, որտեղ սպասելու է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ: Բաղդասարյանն ասաց, որ այդ որոշմանն իրենք սպասում են այսօր:
Նա նաև տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանը հայաստանյան թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել և ընդունել այն: Բաղդասարյանը, սակայն, դժվարացավ հստակեցնել, թե հատկապես որ թատրոնն է աշխատանքի հրավեր արել դերասանին:
«Որպեսզի ինքը պատիժը կրի հիմնարկի տարածքից դուրս նաև նախապայման կա, որ ինքը պարտադիր պետք է աշխատի, այդ պատճառով էլ ստացած առաջարակը ընդունել է», -հավելեց փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ