15:00 , 3 սեպտեմբեր, 2015
Armtimes.com-ը գրում է.
Մեր թղթակիցն այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում արտակարգ դեպքի է ականատես է եղել. շարժասանդուղքով բարձրանալիս 4-ամյա երեխայի ոտքը մնացել է աստիճանների տակ: Երեխան սկսել է բարձր ձայնով գոռալ, լաց լինել: Անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքը, օգնության են հասել կենտրոնի աշխատակիցները եւ տարածքում գտնվող քաղաքացիներ: Գաֆեսճյան կենտրոնի աշխատակիցը մետաղյա ձողով բարձրացրել է շարժասանդուղքի աստիճանի համապատասխան մասը, որպեսզի երեխան կարողանա ոտքը դուրս բերել:
Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկացանք, որ իրենց մեքենան երեխային տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Նշված կենտրոնի բժիշկ Արտակ Նուրբեկյանն էլ ասաց, որ 4-ամյա Բագրատ Կարապետյանը աջ կրունկաթաթային հոդի սալջարդ է ստացել, ինչպես նաեւ քերծվածքներ: «Քանի որ ցավոտ է այդ հատվածում՝ գիպսային անշարժացում արեցինք, երեխան դուրս գրվեց»,- ասաց բժիշկը:
Գաֆեսճյան արվեստի կենտրոնից չհաջողվեց պարզել՝ արդյո՞ք դեպքի պատճառը երեխայի անզգուշությունն է, թե՞ շարժասանդուղքը տեխնիկական խնդիր ունի: Մեզ ասացին, որ մամուլի բաժնի աշխատակիցները տեղում չեն եւ չգիտեն երբ կգան:
