Գուցե ժամանա՞կն է անցնել երկկուսակցական համակարգի և չվախենալ կուսակցությունների խոշորացման «ուրվականից»


10:27 , 3 սեպտեմբեր, 2015

Հայաստանում գործող, քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժերին, կուսակցություններին հասկացանք… Հիմա էլ ինչ-որ «Հայաստան» ժողովրդավարական նախաձեռնություն է ի հայտ եկել, հայտնաբերվել, որի մեջ ընդգրկված են ընկերային, ազգակցական, ընտանեկան, մարդ կուսակցությունները, որոնք վաղուց շպրտվել, անտեսվել, վարկաբեկվել կամ նետվել էին քաղաքական խոհանոցի հնոտիների չուլան…
Դրանց մի մասը, բնականաբար, ՀՀՇ-ՀԱԿԿ-ի տրոհված բեկորներից են… Հետաքրքիրն այն է, որ սրանց` այս գաճաճիկ, մանրապճեղ կուսակցությունները, նրանց ղեկավարները կարծում են, որ իրենք իրոք քաղաքական գործիչներ են, ու հիմա հասել է իրենց «աստեղային» ժամը, ու ժամանակն է դոնկիխոտանալ, կռվել հողմաղացների դեմ, ժամանակն է հայտարարել սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի քայլերի մասին:
Թարմացնեմ ձեր հիշողությունները, չնայած դրանից հետո էլ նրանց անունները շատերիդ ոչինչ չի ասի, մի մասն էլ հայտնի է իր անհայտությամբ ու քաղաքական դաշտի խեղկատակի կամ ֆուտբոլի գնդակի դերակատարմամբ…
Պետրոս Մակեյան, Սոս Գիմիշյան, Մանուել Գասպարյան, Գառնիկ Մարգարյան, Հակոբ Տիգրանյան, Պետրոս Քացախյան, Գևորգ Պերկուպերյան և, իհարկե, Արամ Կարապետյան:
Մրցանակ կտամ, եթե ձեզանից որևէ մեկը հիշի սրանց կուսակցությունների անունները…
Հին, խորհրդային, կռիվ-կռիվ մի կինո կար` «Զանգեզուր»… Հիշեցի՞ք… Այն ծեր մարդը` հին զինվորը, որը կամոդից հանում է նավթալինոտ, հնամաշ զինվորական համազգեստը, թափ տալիս տարիներով նստած փոշին, հագնում, որ գնա մասնակցի կռիվ-կռիվներին….
Հիմա այս բնությանը, հանրությանը, ՀՀ քաղաքացիների գերակշռող մեծամասնությանն անհայտ, նավթալինոտ, փոշոտ, տեղ-տեղ ցեցը կերած «կուսակցություններն» են, որոնք իրար հետ մի 500 հոգի էլ չկան, պատրաստվում են վերակենդանանալ և հավանաբար սրանց ռեինկարնացիայի «մասնագետը», ռեանիմատոլոգը, սրանց գաղափարախոսը հենց նույն ինքը` «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն է, ով, որպես նախկին ՀՀՇ-ական, «ջրի նման գնում, ավազի նման մնում է» քաղաքական դաշտում…
Ի վերջո, ո՞ւմ են պետք այս մանրապճեղիկ, անհասկանալի, 90-ականների սեղանիկների նման փողոցները լցված կուսակցությունները… Գուցե ժամանա՞կն է անցնել երկկուսակցական համակարգի և չվախենալ կուսակցությունների խոշորացման «ուրվականից»…
Ժամանակն է արդեն ձերբազատվել քաղաքական դաշտի ատավիզմներից ու ռուդիմենտար օրգաններից…