18:47 , 2 սեպտեմբեր, 2015
Տոնական միջոցառումների շրջանակներում այսօր նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը մեկնել են Շուշի:
Բերդաքաղաքում նրանք ներկա են գտնվել Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացմանը:
Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների որոշումներով 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի և Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա: Այն սկսել է գործել 2009 թ. փետրվարից՝ Ստեփանակերտում: Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 սան՝ երկու (բակալավրային և միջին մասնագիտական) կրթական համակարգերում, դասավանդում էր 80 դասախոս: Պատասխանատուների հավաստմամբ՝ այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 սան, դասավանդում է 100-ից ավելի դասախոս: Անցած 6 տարիների ընթացքում մասնաճյուղը տվել է 1690 շրջանավարտ` 573 բակալավր, 138 մագիստրոս և 980 միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ:
Շուշիում հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետև այցելել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ քաղաքում կառուցված՝ Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան: 225 ուսանողի համար կառուցված եռահարկ ուսումնական կենտրոնը, որ զբաղեցնում է շուրջ 4050քմ մակերես, ունի հանրակրթական առարկաների և արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, այդ թվում՝ կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ: