Խոնարհումս Ձեր հիշատակի առաջ, պարո՛ն գեներալ-գնդապետ


00:13 , 2 սեպտեմբեր, 2015

Իմ տեսած առաջին գեներալը Գուրգեն Դալիբալթայանն էր…

18 տարեկան էի, և մի քանի ամիս էր, ինչ ծառայում էի Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, երբ տագնապով մեզ շարեցին շարային հրապարակում:

…Զորամաս էր այցելելու ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
Ես գրքերից և թերթերից գիտեի իր և իր գործունեության մասին…
Կես ժամ անց գեներալ-գնդապետը ժամանեց զորամաս: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի զգաստություն էր տիրում:
Ես կյանքում առաջին անգամ էի տեսնում կոչումով գեներալ-գնդապետ զինվորականի…
Թե ինչ կատարվեց քիչ անց, նկարագրել միայն բառերով, իսկապես հնարավոր չէ, բայց ինձ համար այն միշտ եղել է կյանքիս համար ամենակարևոր էջերից և ամենակարևոր դասերից մեկը…
Ինձ համար բոլորովին անսպասելի զորամասի հրամանատարը հրամայեց, որ դուրս գամ տողանից և ներկայանամ իրեն:
Երբ ներկայացա, հրամանատարը դիմեց գեներալին, որ երաշխավորում է ինձ ուղարկել Հունաստանի զինվորական ակադեմիաներից մեկում սովորելու` որպես ՀՀ զինված ուժերի ապագա սպա…
Հիշում եմ գեներալի ոգևորված խոսքը, թե հրաշալի է, երբ հայոց բանակի զինվորները ցանկանում են դառնալ հայոց բանակի ապագա սպաներ և հանձնարարեց անմիջապես նախապատրաստել իմ փաստաթղթերը….
Իսկապես ափսոսում եմ, որ չլսեցի փորձառու մարդկանց, և այդ ժամանակի «Ջահելությունը» ցավոք հաղթեց, և ես չմեկնեցի սովորելու…
Տարիների հեռվից բոլորովին այլ իմաստ ու բովանդակություն է ստանում այս ամենը…հասկանում ես, որ երբեմն խոշոր անհատները կարող են քո կյանքում լուրջ դերակատարություն ունենալ…
Խոնարհումս Ձեր հիշատակի առաջ, պարո՛ն գեներալ-գնդապետ…